Թուրքիան պատրաստ է հարաբերությունների կարգավորման, եթե Հայաստանը ցանկանա դա. The Washington Post–ի թուրքական աղբյուր

Yerkir.am-ը գրում է.

«The Washington Post-ի՝ Թուրքիայի թղթակից Ասլը Այդընթաշբաշը պարբերականում հոդված է հրապարակել, որում անդրադառնում է թուրք–ամերիկյան խարխլված հարաբերությունների կարգավորմանը Ջո Բայդենի նախագահության ընթացքում։

The Washington Post-ի թղթակիցը զրուցել է Թուրքիայի իշխանություններում մի շարք անանուն աղբյուրների հետ՝ այդ թվում Էրդողանի ավագ խորհրդականներից մեկի։

Ի թիվս այլ կարևոր խնդիրների՝ որոնք խարխլել են թուրք–ամերիկյան հարաբերությունները, խորհրդականը նշել է նաև հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին։

«Ավելի զարմանալի էր, որ Էրդողանի ավագ խորհրդականն ինձ ասաց, որ Անկարան պատրաստ է «կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ»։ Նոյեմբերին Թուրքիան աջակցել էր Ադրբեջանի ռազմական արշավին ընդդեմ Հայաստանի, բայց պաշտոնյան այժմ նշում է, որ նրանք կարող են համագործակցել իրենց պատմական թշնամու հետ և նույնիսկ բացել սահմանները. «Մեզ համար մշտապես խնդիր էր Ադրբեջանի տարածքների օկուպացում Հայաստանի կողմից։ Բայց այդ հարցն այժմ լուծված է։ Եթե Հայաստամը ցանկանա քայլ կատարի, մենք պատրաստ ենք», – Էրդողանի խորհրդականին է մեջբերում Այդընթաշբաշը։

Թղթակիցը նշում է, որ թեև Հայաստանը և Կիպրոսը չեն համարվում թուրք–ամերիկյան հարաբերությունների միջուկը, այնուամենայնիվ այդ երկրների հետ հարաբերությունների կարգավորումը կնպաստի Թուրքիայի մերձեցմանը Արևմուտքի հետ։»

5 Փետրվարի 2021