Պատրաստ ենք քննարկել և ստորագրել իմպիչմենտի գործընթացի փաստաթուղթը․ Մամիջանյան
Խմբակցության ղեկավարը շեշտեց՝ պատրաստ են բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկել վարչապետի թեկնածուի հարցը։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստ է նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ ԱԺ-ում լրագրողների հեը ճեպազրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նամակին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը 107 նամակներ են ուղարկել ԱԺ 107 պատգամավորների՝ առաջարկելով խելամիտ ժամկետում վարչապետի իմպիչմենտ նախաձեռնելու գործընթաց սկսել։
«Խմբակցության պատգամավորները վերահաստատում են, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական տարբերակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար հայտարարում ենք, որ այս պահին չունենք վարչապետի թեկնածու։ Մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկելու թեկնածուի հարցը և նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»,- հայտարարեց Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ այս պահին միակ խնդիրը, որն իրենց հետ է պահում համապատասխան փաստաթուղթը ստորագրել և մուտքագրելու գործընթացից, վարչապետի թեկնածու չունենալն է։
