Թե ինչքանով էր պաշտպանված Ստեփանակերտի երկինքը, բոլորս տեսանք 44 օր. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արայիկ Հարությունյանի խոսքերին.
«Արցախի ղեկավարը այսօր ասում է՝ «Ստեփանակերտի առաջնագծում պաշտպանական դիրք չունեինք, Շոշի ուղղությունը, Ղայբալու-Արմենավան հատվածը պաշտպանված չէին», բայց մոռանում, որ դրա պատասխանատուն առաջին հերթին ինքն է եղել, ու էս ապիկարը դեռ մինչ պատերազմը իրեն իրավունք էր վերապահում գնահատականներ տալ 2016թ. ապրիլյան իրադարձություններին, երբ մատնանշում էր, որ Ստեփանակերտի երկինքը այն ժամանակ պաշտպանված չի եղել, իսկ իր սիրելի Նիկոլի և իր օրոք պաշտպանված է:
Նա մասնավորապես ասում էր՝ «2016-ի ապրիլին Ստեփանակերտի երկնքում սավառնում էին բազմաթիվ ադրբեջանական ԱԹՍ-եր», բայց դե միայն սավառնում էին և մտածում էին՝ հարվածե՞ն, թե՞ չէ, իսկ ինքը Արայիկը դրանով փորձում էր «հարվածել», պարզ է չէ՞, միայն և միայն Սերժ Սարգսյանին, ով ի տարբերություն իրենց փնթի կառավարմանը և բանակի քայքայմանը՝ ստեղծեց բանակ և հաղթեց պատերազմ:
Պատկերացնում եք, չէ՞, այսօր սա նման բան է ասում, և շատերը մոռացել են նրա այդ ամպագոռգոռ ելույթը արցախյան երկնքի մասին ու մի ամոթանք էլ չեն տալիս:
Թե ինչքանով էր պաշտպանված Ստեփանակերտի երկինքը, բոլորս տեսանք 44 օր, բայց նրա ասած բարբաջանքները ապրիլյանի մասին այն ժամանակ որակվեցին որպես ճշմարիտ խոսք և կրկին օգտագործվեցին ապրիլյան հաղթանակը նսեմացնելու համար:»