Հայաստանն ու Ռուսաստանն անցել են փոխադարձ անվստահության կամ վիրավորանքի փուլը. Լավրով

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը կարծում է, որ անցյալի դժգոհությունները վերապրելն անիմաստ է, հատկապես, երբ կան փաստեր, որոնք պետք է մեկնակետ դարձնել հիմա:
Հայաստանն ու Ռուսաստանն անցել են փոխադարձ անվստահության կամ վիրավորանքի փուլը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում ռուսական բուհերի մասնաճյուղերի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Հայ-ռուսական համալսարանում:
Նրա խոսքով՝ նման տրամադրվածություն է եղել և՛ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների, և՛ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ընթացքում: Լավրովը հավելել է, որ անցյալի վիրավորանքները վերապրելն անիմաստ է, հատկապես, երբ կան փաստեր, որոնք պետք է մեկնակետ դարձնել հիմա:
Նա նշել է, որ Հայաստանի ղեկավարությունն ավելի հաճախ է խոսում այն մասին, որ պետք է կենտրոնանալ ոչ թե պատմական Հայաստան վերադառնալու, այլ ժամանակակից պետականության ամրապնդման և այսօրվա իրողություններով ապրելու վրա։
«Համաձայն եմ. անցյալում անհնար է գտնել այնպիսի լուծումներ, որոնք արդիական կլինեն այսօր։ Ինչպես ասում են, հինը հիշողի աչքը հանում են: Բայց անցյալն էլ չի կարելի մոռանալ։ Հանուն սեփական երկրի, ժողովրդի, հավատքի կատարած սխրանքները պետք է մնան հիշողության մեջ, փոխանցվեն մատաղ սերնդին։ Սակայն գործնական որոշումներ պետք է ընդունել՝ ելնելով ներկայի իրական պայմաններից», — ընդգծել է Լավրովը։