Արմավիրում մեքենան այրվել է գազալցակայանից դուրս գալուց հետո․ կան վիրավորներ

3 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ։
Այսօր Արմավիրի մարզում ավտոմեքենան բռնկվել ու այրվել է գազալցակայանից դուրս գալուց հետո։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ժամը 19:50-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Բաղրամյան գյուղ տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյան գյուղ տանող Երևանյան փողոցում՝ «Խազտուր» ռեստորանային համալիրի հարևանությամբ, հրդեհ է բռնկվել «Hyundai Solaris» մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից երկուսը տեղափոխել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Ականատեսների խոսքով՝ ավտոմեքենան լիցքավորել են դեպքի վայրի հարևանությամբ գտնվող գազալցակայանում, ապա շարժվել, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Վարորդն ու ուղևորները կարողացել են իրենց դուրս նետել այրվող ավտոմեքենայից։
Այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդի և վիրավորների ինքնությունները պարզվում են։