Սարսափելի ողբերգություն ՌԴ Իրկուտսկի մարզում. դեռահասն ամառանոցում սպանել է ընկերներին

17-ամյա պատանին դանակով հարձակվել է քնած ընկերների վրա, հետո հրկիզել է տունը։
ՌԴ Իրկուտսկի մարզի Բայկալսկ քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել` 17-ամյա Միխայիլ Պ.-ն դանակահարել է 4 ընկերներին, ևս մի քանիսը վնասվածքներ են ստացել։ Այնուհետը նա հրկիզել է տունը և ինքն էլ այրվել։
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 28-ի գիշերը «Գորնի Բայկալ» այգեգործական ոչ առևտրային համայնքում գտնվող սեփական տանը: Այդ պահին տանը մի խումբ երիտասարդներ են եղել։
Ինչպես գրում է «АиФ-Иркутск»-ը, դեռահասները հավաքվել են իրենց ընկերուհու 15-ամյակը նշելու: Երեկույթից հետո 5 դպրոցականներ տուն են գնացել, 9-ը մնացել են գիշերելու։ Գիշերը 17-ամյա պատանին դանակով հարձակվել է ընկերների վրա։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության և սպանության փորձի փաստով: Տուժածներից 4–ն այս պահին Իրկուտսկի տարածաշրջանային կլինիկական հիվանդանոցում են։ Դեռահասներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է։
RT-ն իր հերթին գրում է, որ հարձակվելուց առաջ դեռահասը սկսել է սիրահետել հոբելյարին, բայց աղջիկը մերժել է։ Հավաքվածները պաշտպանել են աղջկան։ Որոշ ժամանակ անց 5 դեռահասներ, այդ թվում` հոբելյարը, տուն են գնացել։
Քննիչներն առայժմ չեն կարողանում պարզել Միխայիլի արարքի դրդապատճառները, քանի որ երեխաների մի մասը հարձակումից առաջ գնացել են և ոչինչ չեն տեսել, իսկ ովքեր տեսել են վեճը, սպանվել են։ Ենթադրվում է, որ սպանության գործիքը եղել է գրենական դանակը։ Մարդասպանը մահացել է հրդեհի հետևանքով, նա լուրջ այրվածքներ է ստացել։
Տան խուզարկության ժամանակ հարձակվողի մոտ արգելված կամ կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել։
Shot–ը չարաբաստիկ երեկույթի որոշ մանրամասներ է ներկայացնում. ընկերների վրա հարձակված Միխայիլը սիրահարված է եղել 15-ամյա Անաստասիային և որոշել է նրա ծննդյան օրը կազմակերպել իր ավագ եղբոր ամառանոցում՝ «Գորնի Բայկալ»-ում: Լրատվամիջոցի տվյալներով՝ երեկույթին 14 դպրոցական է մասնակցել։
«Գիշերվա ժամը 1-ի սահմաններում Միխայիլը, որն ըստ երևույթին բավականաչափ խմած է եղել, սկսել է կռիվ անել, բայց հաջողվել է հանդարտեցնել նրան։ Բոլորը գնացել են քնելու. ոմանք մնացել են առաջին հարկում, մյուսները բարձրացել են երկրորդ հարկ, ևս երկուսը պառկել են ամառային պատշգամբում: Առաջին սպանությունը Միշան կատարել է գիշերվա 2:25-ին երկրորդ հարկում: Վերցնելով գրենական դանակը՝ նա սկսել է սպանել սենյակում գտնվողներին։ Հետո դուրս է եկել պատշգամբ։ Ճանապարհին փորձել է հարձակվել առաջին հարկում քնած մարդկանց վրա։ Նրանց հաջողվել է փախչել հարևան հողամաս»,- գրում է Shot-ը։
Ժամը 2:40-ին տուժածներից մեկը վազել է հարևանի տուն և օգնություն խնդրել: Դա աղջիկներից մեկն է եղել, որը մեռած է ձևացել: Հենց հարևանն է ոստիկանություն կանչել։
Այնուհետև Միխայիլը տուն է մտել և հրկիզել է այն:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ընկերներին դանակահարած դեռահասը զբաղվում էր ըմբշամարտով և հաղթել է քաղաքային մրցաշարում: Զոհերի թվում է 16-ամյա Պոլինան, որը նույնպես Իրկուտսկի մարզի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության հաղթող էր: Նա առաջինն է փորձել պաշտպանել մյուս դպրոցականներին, բայց նույնպես սպանվել է:
Հատկանշական է, որ երեկույթին ալկոհոլ է եղել, որի վաճառքը անչափահասներին արգելված է։ Ըստ սոցիալական ցանցերի՝ երեխաները այն պատվիրել են համացանցի միջոցով, պատվերը ձևակերպվել է ծանոթ մեծահասակի անունով։ Այժմ հարցաքննում են նրան։