Իսրայելական բանակը գիշերն Իրանին լայնածավալ հարվածներ է հասցրել

Նշվում է, որ խոցվել են տասնյակ «երկիր-երկիր» դասի հրթիռային պահեստների և արձակման ենթակառուցվածքներ։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը գիշերը մի քանի լայնածավալ հարվածներ են հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին։
«Գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի լայնածավալ հարվածներ են հասցրել Իրանի արևմուտքում գտնվող իրանական ռեժիմի ռազմական օբյեկտներին։ Հարվածների ընթացքում խոցվել են «երկիր-երկիր» դասի տասնյակ հրթիռային պահեստներ և արձակման ենթակառուցվածքներ։ Բացի այդ, Իրանի արևմուտքում հարվածներ են հասցվել «երկիր-օդ» դասի հրթիռների արձակման կայանքներին և անօդաչու թռչող սարքերի պահման վայրերին»,– ասվում է բանակիTelegram– ալիքում։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է նաև Իրանից հրթիռների արձակման մասին։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնաբերել է Իրանից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռներ։ Պաշտպանական համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ», – ասվում է բանակի Telegram– ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Հունիսի 16–ի դրությամբ Իսրայելը հայտարարել է, որ իրանական հարվածներից զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել են ավելի քան 600-ը: Իր հերթին Իրանը հայտնում է ավելի քան 220 զոհերի և ավելի քան 1,2 հազար տուժածների մասին: