ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը հայտնել է Իրանի միջուկային օբյեկտներից մեկում շինությունների վնասի մասին

ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի ստուգել Իրանում միջուկային օբյեկտները, հայտարարել է Ռաֆայել Գրոսին։
Իրանի Սպահան քաղաքի միջուկային օբյեկտում չորս շինություն է վնասվել։ Այս մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Նրա խոսքով՝ իրանական մյուս միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ Ֆորդոյում և Բուշերում, վնասվածքներ չկան։
Գրոսին հայտարարել է նաև, որ ռազմական էսկալացիան սպառնում է մարդկանց կյանքին և մեծացնում է ռադիացիոն արտանետման ռիսկը։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտարարել է նաև, որ ՄԱԳԱՏԷ–ն կշարունակի ստուգել Իրանի միջուկային օբյեկտները հենց որ անվտանգային իրավիճակը թույլ տա։
«ՄԱԳԱՏԷ-ն ներկա է և ներկա կլինի Իրանում։ Իրանում երաշխիքների շրջանակում ստուգումները կշարունակվեն, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան, ինչպես պահանջում են ՄԶՉՄՊ (Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր — խմբ.) երաշխիքների շրջանակում Իրանի պարտավորությունները», — հայտարարել է նա։
Գործակալության համաձայն՝ Գրոսին հավելել է, որ Նաթանզի իրանական միջուկային օբյեկտում ուրբաթ օրվանից ի վեր լրացուցիչ վնասվածքներ չեն գրանցվել։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։
Վերջին տվյալներով` իսրայելա-իրանական հակամարտության հետևանքով Իրանում 220 մարդ է մահացել, վիրավորվել է ավելի քան 900-ը, Իսրայելում կա 18 զոհ և 414 վիրավոր։