Սերժ Սարգսյանի երրորդ անգամ իշխանության գալուց որոշակի ժամանակ հետո նրան պիտի փոխարիներ Կարեն Կարապետյանը. Հովհաննես Սահակյան
ArmDaily.am -ի հետ զրույցում Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Սահակյանը նշեց, որ այսօր մեր ինքնության, արժանապատվության խնդիրն է մեր առաջ կանգնած:
Հանրապետական կուսակցության անդամը նշում է, որ ամեն օր հրապարակվող զոհվածների անունների 100, 110 անունները, անհետ կորածների, գերիների ու զոհվածների մասին լուրերն ու խոսակցությունները ոչ միայն սովորական չեն, այդ ընտանիքները ոչ միայն դժբախտ չեն, այլ աննկարագրելի իրավիճակի մեջ են, բայց իշխանությունները չեն փորձում դա որևէ կերպ արժևորել:
«Նրանք փորձում են այս բոլոր իրողությունները սովորական, հընթացս լրատվական հոսք որպես ձևակերպել և գնալ առաջ: Ու Ադրբեջանի ձեռնարկած քայլերին հակադարձելու կամ պատասխանելու փոխարեն Շուշիի պատկանելության մասին լրագրողի հարցին ի պատասխան հայտարարում են, որ Շուշիի բնակչությունը 90 տոկոս է: Այդ ո՞վ է նման մարդահամար անցկացրել, այդ ի՞նչ Ձեզ համար հաճելի, ձեռնտու թվեր են, որ հրապարում եք՝ չգիտակցելով, որ իրենց ամեն մի խոսքը հետագայում մեր արժանապատվությունը վերականգնելու առումով մեր դեմ է ուղղվելու: Մենք իհարկե Շուշին էլի հետ ենք վերցնելու, իհարկե Շուշին մերն է լինելու, Շուշիում լինելու է Հայաստանը ներկայացնող հայ քաղաքապետ, ամբողջ պետական մարմիններն ու իշխանությունը հայկական է լինելու և այսպես եղել է, սրա մասին չեն խոսում: Խնդիրը միայն նյութական կորուստը չէ, հսկայական տարածքներն ու նյութական կորուստները, մեր անդառնալի՝ հերոս, քաջ տղերքի կորուստները»,-ասում է Հովհաննես Սահակյանը:
Նա նշում է, որ անհասկանալի է արտահերթ ընտրության բովադակությունը.«Այդ ընտրություններին գնալ այն մարդկանց հետ, ովքեր հասցրել են այս օրին, ես չեմ կարծում, որ որևէ հայ մարդ դա կհամարի նորմալ»:
Մեր հարցադրմանն այն մասին, թե ինչու 17+-ը չկարողացավ հասնել իշխանափոխության, Սահակյանը պատասխանեց. «Նայենք, թե այսօր ինչ է կատարվում Հայաստանում, մի փորքիկ էքսկուրս անենք: Ժամանակին, երբ մենք նախագիծ էինք բերում, ապաքրեականացում էինք անում՝ աղմուկ էին բարձրացնում և այդ նույն անհայրենիք մարդիկ, երբ 44 օրվա ընթացքում հայ զինվորին մսաղացի տակ թուրք-ադրբեջանական տանդեմը հակամարդկային զինատեսակներով կոտորում էր՝ մի հայտարարություն չարեցին: Այսօր լրագրողի խոսափողը ձեռքից խլում, մտնում են սենյակ, այսօր լրագրողի գործունեությունը խոչընդոտում են, քաղաքական հետապնդումներ են իրականացնում՝ մի հատ ծպտուն չկա: Էդ մարդկանց պետք է՝ օր առաջ Հայաստանից առաջին իսկ ինքնաթիռով ճանապարհել իրենց երկրները, դրանք կեղծ ժողվրդավարներ են, դրանք իշխանությունը քայքայելու, իրենց շահը պահելու համար ներկայացուցիչներ են: Եթե դուք այդպիսի ժողվրդավար արժեքներ ունեիք՝ մի հատ խոսեիք, ձայն հանեիք, այդ ամբողջ եվրոպական միջպետական ու աշխարհին հայտնի կառույցները, որոնք մարդկանց ու ժողովրդի իրավունքները պաշտպանում էին կեղծ կատերգորիաներով, դրանք ծպտուն անգամ չեն հանում»:
Խոսելով իշխանության դեմ պայքարում ժողովրդի պասիվությունից, Սահակյանը նշում է, որ մարդիկ դեռ ուշքի չեն եկել, որ նրանք կորցրել են իրենց ամենաթանկը՝ երեխաներին. «Ինձ ծանոթ մարդիկ ընդամենը օրեր առաջ են հուղարկավորել իրենց երեխային՝ նրանք անկողնային հիվանդի վիճակում են, ժողովրդի լեզվով ասած այդ մարդիկ տապակվում են իրենց ցավով և պահանջել, որպեսզի այդ մարդիկ դուրս գան և ինչ-որ քայլեր ձեռնարկեն՝ ես այդքան էլ ճիշտ չեմ համարում: Ժողովուրդը, երբ որ հրապարակում կանգնած ավելի ռադիկալ քայլերի էր սպասում, ակնկալում էր գործողություններ, մենք մտածում էինք, որ մենք ժողովրդավար պետություն ենք, մարդու իրավունքները հասցրել էինք այն կետին, որ մարդու իրավունքները ցանկացած քաղաքական նպատակից ու իշխանությունից բարձր են և կազմակերպիչները չեն մղել դրան, նկատի ունենալով, որ դիմացինները կհասկանան՝ իրենք բերել են այն աստիճանին, որ օր առաջ հրաժարական են տալու, ոչ թե մի հատ էլ արտահերթ կազմակերպեն»:
Սահակյանը նշում է, որ դա է պատճառը, որ իշխանությունները պատրաստ չեն և չեն ուզում ընտրություն կազմակերպել: Վերջինս համոզված է, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ապա այդ խմբակցությունը այևս չի ունենալու որևէ հենարան.«Երբ որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, այդ ստահակների խումբն այլևս չի ունենալու որևէ հենարան: Ես խիստ կասկածում եմ, որ հիմա ժողովուրդն այդ մարդկանց քվե կտա: Արարատի միջադեպը վառ օրինակ,Սյունիք չթողեցին: Գտան մի տեղ, որտեղ կարող էին թաքուն, առանց իրենց տեղաշարժն ասելու գնալ՝ հավաքվել: Այնքան վստահ չեն, որ իրենց կողմնակիցներին բերում են որպես ժողովուրդ են ներկայացնում, այդ շոուները ժողովուրդն արդեն լավ հասկանում է: Իրենք գիտեն, որ հինգ տոկոս չեն կարող հաղթահարել»:
Մեր դիտարկմանը, որ ընդդիմությունը մտավախություն ունի, որ վարչական լծակների կիրառմամբ իշխանությունները կարող են հաղթել ընտրություններում, Հանրապետական կուսակցության անդամը համոզված է, որ վարչապետի հրաժարականի դեպքում վարչական օղակը ներկայացնող մարդիկ էլ են չուզենալով գնալու:
«Մարդ չի կարող ընտրել մի իշխանության, որ չի կարողանա ազատ իր երկրում տեղաշարժվել: Հայաստանի նորանկախ պատմության մեջ ամենաշատ թիկնազոր ու անվտանգության մեխանիզմներ կիրառողը օրվա իշխանություններն են՝ այդպիսի բան չի եղել»,-ասում է Սահակյանը:
Նա չի հավատում, որ Փաշինյանն իր մեջ ուժ կգտնի ու տղամարդկություն՝ հրաժարական տալու համար: Նա նշում է, որ այս իշխանության վարկանիշը զրո է,՝ հողին է հավասարվել:
Մեր այն դիտարկմանը, որ շատ է քննարկվում նաև այն հանգամանքը, թե ինչու Սերժ Սարգսյանն առաջադրվեց երրորդ անգամ և ինչու չստացվեց Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնի փոխանցումը, ինչի հետևանքով էլ Փաշինյանը եկավ իշխանության Սահակյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը և իր տերերը դա փորձել են 2008-ին, փորձեցին այդ Սասնա Ծռերի հայտնի զինված գործողությամբ: Դրա համար եմ ասում, այն կառույցները, որոնք ծպտուն չէին հանում, լեզուները չգիտեմ ուր էին մտցրել և չէին խոսում, այս պատերազմին, այս իրավիճակին գնահատական չեն տալիս՝ իրենց տերերն են: Այն ժամանակ էլ էին փորձում և դա վաղ թե ուշ լինելու էր: Թե ինչու Կարեն Կարապետյանը չէր, այլ Սերժ Սարգսյանը՝ դա ներկուսակցական, մեր իշխանության խնդիրն էր: Ես վստահ եմ, որ իրենք իրար մեջ ոչ միայն քննարկել են, այլև պայմանավորվել են այդ ամբողջը և երկու տարի հետո, երբ որ այդ ամբողջ խնդիրները կլուծվեին և հանգիստ իրավիճակ լիներ՝, այո, պետք է լիներ Կարեն Կարապետյանը և որքան ես տեղյակ եմ՝ երկուսով քննարկել են դա: Կարեն Կարապետյանի անձը բոլորին է հայտնի, նա եղել է վարչապետ ու իր վարչապետության ժամանակ նա եղել է մեր մոտ առնվազն գնաճ, տնտեսական աշխուժություն է եղել»:
Հայկա Ալոյան