ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը կդիտարկի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ապրիլի 23-ին հաստատել է 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստան դիտորդական առաքելություն տեղակայելու որոշումը։

Առաքելությունը ձևավորվել է ՀՀ իշխանությունների հրավերի հիման վրա և հիմնավորվում է նախընտրական կարիքների գնահատման արդյունքներով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաքելության՝ 13 փորձագետներից բաղկացած հիմնական թիմը կգործի Երևանում՝ Յանեզ Լենարչիչի ղեկավարությամբ։

Մայիսի 1-ից երկրի ամբողջ տարածքում կաշխատեն 30 երկարաժամկետ դիտորդներ։ ԺՀՄԻԳ-ը նաև կտեղակայի 250 կարճաժամկետ դիտորդներ, որոնք Հայաստան կժամանեն ընտրություններից մի քանի օր առաջ։

Հիմնական թիմի փորձագետներն ու երկարաժամկետ դիտորդները ԵԱՀԿ անդամ 28 պետությունների ներկայացուցիչներ են։

«Դիտորդական այս առաքելությունը գնահատելու է ընտրական գործընթացի բոլոր փուլերը ԵԱՀԿ հանձնառությունների և ժողովրդավարական ընտրությունների այլ միջազգային պարտավորությունների ու չափանիշների լույսի ներքո։ Մենք դիտարկելու ենք ոչ միայն բուն ընտրությունները, այլ նաև այն միջավայրը, որում դրանք տեղի են ունենալու»,– ասել է Լենարչիչը։

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ առաքելությունը սերտորեն դիտարկելու է ընտրությունների բոլոր հիմնական գործընթացները՝ այդ թվում նախընտրական քարոզարշավը (ներառյալ սոցիալական ցանցերում), քարոզարշավի ֆինանսավորումը, ընտրական վարչարարությունը՝ ազգային, մարզային և համայնքային մակարդակներում, իրավական դաշտը, ապատեղեկատվության հայտնաբերման համար իշխանությունների կողմից ներդրված ինստիտուցիոնալ մեխանիզմները, լրատվամիջոցների կողմից լուսաբանումը և ընտրական վեճերի լուծման գործընթացը։

Դիտորդները նաև գնահատելու են ԺՀՄԻԳ-ի նախորդ առաջարկությունների իրականացման հարցում առաջընթացը։

Ընտրությունների օրը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունները կմինան ԺՀՄԻԳ առաքելության ջանքերին։

Ընտրություններից մոտ երկու շաբաթ առաջ ԺՀՄԻԳ-ը կհրապարակի միջանկյալ հաշվետվություն՝ հանրությանը և լրատվամիջոցներին տեղեկացնելու դիտորդական առաքելության գործունեության մասին։

Ընտրությունների հաջորդ օրը առաքելության նախնական եզրակացություններն ու արդյունքները կներկայացվեն համատեղ կազմակերպվելիք մամուլի ասուլիսի ընթացքում։