«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը քարոզարշավը սկսել է «ցեխ շպրտելու» ակցիայով

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսել է Երևանի Վերնիսաժի տարածքից՝ ներկայացնելով իր հիմնական առաջարկները ՀՀ քաղաքացիներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կուսակցության անդամ Հովսեփ Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ կուսակցության հիմնական քաղաքական առաջարկներից են ընտրական համակարգի փոփոխությունը, խորհրդարանական ընտրություններում «կայուն մեծամասնության» դրույթի վերացումը և ընտրական շեմի իջեցումը մինչև 1 տոկոս։

Կուսակցությունն առաջարկում է նաև ընտրական քվեաթերթիկում ներառել «բոլորին դեմ եմ» տարբերակը՝ իրավական հետևանքներով։

Նրանց կարծիքով՝ քաղաքացին պետք է հնարավորություն ունենա քվեարկել նաև այն դեպքում, երբ մասնակից քաղաքական ուժերից որևէ մեկի օգտին չի ցանկանում քվեարկել, և դրա ամենալավ եղանակը քվեաթերթիկում «բոլորին դեմ եմ» տարբերակը ներառելն է։

«Բոլորին դեմ եմ» կուսակցության ներկայացուցիչներն արդեն իսկ հայտարարել են, որ իրենց կուսակցությունը ինքնալուծարվող է, իսկ իշխանության գալու դեպքում 100 օրվա ընթացքում կիրականացնեն իրենց խոստումները և հրաժարական կտան, որպեսզի տեղի ունենան նոր ընտրություններ։