«Իմ քայլը» իշխող խմբակցությունը խափանեց խորհրդարանի նիստը
Ազգային ժողովում ժամը 11։00–ին նախատեսված խորհրդի նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։ «Իմ քայլը» խմբակցությունից ԱԺ խորհրդի կազմում ընդգրկված պատգամավորներից ոչ մեկը չէր ներկայացել նիստին, հայտնում է News.am-ը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր դժգոհությունը հայտնեց ԱԺ նախագահի խորհրդականին, որ նույնիսկ նա չի ներկայացել ներկայացել նիստին։
«Սա մանուշակ մանկապարտեզ չի, ժամ կա, որ պետք է նիստը բացվի։ ԱԺ նախագահը Սահմանադրությամբ երկրորդ պաշտոնյան է, մարդն իր գործառույթը պետք է կատարի, գոնե գա նիստը բացի, ասի՝ քվորում չկա։ Հիմա ո՛չ գալիս են ասեն, որ ԱԺ նախագահն ուշանում է, ո՛չ ասում են՝ չի գալու, ո՛չ էլ հանձնարարել է նիստը խոսնակներից մեկը վարի, ձեզ ո՞ւմ տեղն եք դրել, մտածում եք ո՞վ եք, որ կարող եք մեզ հետ սենց վարվել»,– նկատեց Մարուքյանը։
Նիստին ներկա էին նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները։