Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. ՀՀ նախագահ

Փետրվարի 28-ը մեր երկրում հայտարարված է Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի 33-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք է մատուցվել և ծաղկեպսակ դրվել ադրբեջանական վայրագություններին զոհ գնացած մեր անմեղ հայրենակիցների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:
Հանրապետության նախագահ նաև ուղերձ է հղել սումգայիթյան ողբերգության 33-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ խստորեն դատապարտելի են սումգայիթյան ոճրագործությունը և հայերի հանդեպ իրականացվող էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը, որ տեղի է ունենում արդեն ժամանակակից քաղաքակրթության պայմաններում: «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դիմելով հայրենակիցներին, ՀՀ նախագահը նշել է, որ 33 տարի առաջ այս օրերին Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում իրականացվեցին արյունոտ գործողություններ տեղի հայ բնակիչների դեմ:
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված և իրագործված զանգվածային ջարդերը, կոտորածն եւ բռնությունները, տեղահանումը և ունեզրկումը հանցագործություն էին հայերի նկատմամբ: Դա ադրբեջանական պատասխանն էր պատմական բնօրրանում ազատ ապրելու՝ Արցախի մեր հայրենակիցների կողմից մղվող խաղաղ պայքարին:
«Սումգայիթի» անպատժվածությունը երկու տարի անց հանգեցրեց այլ ողբերգությունների, այս անգամ Բաքվում, ապա՝ Գանձակում, Մարաղայում:
Արմեն Սարգսյանի խոսքով՝ հայատյացության քաղաքականությունը դրսևորվեց նաև վերջին պատերազմում՝ մասնավորապես Արցախի բնակչության, հայ գերիների հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, սպանությունների ձևով: Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով դեռևս անհայտ է մեր բազմաթիվ հայրենակիցների ճակատագիրը:
«Խստորեն դատապարտելի են սումգայիթյան ոճրագործությունը և հայերի հանդեպ իրականացվող էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը, որ տեղի է ունենում արդեն ժամանակակից քաղաքակրթության պայմաններում:
Խոնարհվում եմ ադրբեջանական բռնություններին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակի առջև:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»,- նշել է ՀՀ նախագահը: