Ռեֆորմիստների կուսակցության նախագահի հայցով հերթական դատական նիստը հետաձգվել է պատասխանողի բացակայության պատճառով
Երեկ հայտարարվել էր, որ 2021թ. մարտի 5-ին կայանալու է ՛՛Վահան Բաբայանն ընդդեմ Լիզա Ճաղարյանի՛՛ գործով հերթական դատական նիստը:
InfoPress.am-ը ներկա էր գտնվել դատարանի դահլիճում:
Ստորև ներկայացնում ենք մանրամասները, որոնք մեզ հայտնեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի փաստաբան Գայանե Ղուլյանը:
Ինչպես որ քիչ առաջ լսեցինք, դատական նիստը հետաձգվեց: Ի՞նչ պատճառով է հետաձգվել նիստը:
2019 ապրիլի 13-ն Լիզա Ճաղարյանի կողմից հրապարակված վիրավորական գրառումների կապակցությամբ Վահան Բաբայանը դիմել է դատական պաշտպանության և օրենքով սահմանված կարգով նյութա-իրավական պահանջ է ներկայացրել ընդդեմ Լիզա Ճաղարյանի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին: Տվյալ դատական հայցը վարույթ է ընդունվել դեռևս 24.05.2019 թվականից և մինչ օրս մենք քննում ենք այս հայցադիմումը: Ի՞նչն է այս ձգձգումների պատճառը: Գրեթե բոլոր դատական նիստերին պատասխանող կողմը ներկայացնում է միջնորդություն, որով խնդրում է դատարանին հետաձգել դատական նիստը տարբեր պատճառաբանություններով: Այսօր նույնպես հրապարակվեց դատավորի կողմից, որ ամեն անգամ բերվում են տարբեր պատճառաբանություններ: Մեկ անգամ՝ որ իրենց գրասենյակի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով և նա կոնտակտավոր է, մեկ այլ անգամ՝ որ կա այլ քրեական գործերով ծանրաբեռնվածություն: Այսօրվա դատական նիստը հետաձգելու միջնորդության մեջ մասնավորապես նշվել է, որ Եգորյան Տիգրանը վատառողջ է: Սակայն այդ դիմում-միջնորդությանը կից որևէ վերաբերելի ապացույց չի ներկայացվել, որով կհաստատվեր, որ անձը իրականում ունի առողջական խնդիրներ: Ես որպես հայցվորի ներկայացուցիչ, բնականաբար, առարկեցի, խնդրելով, որ դատական նիստը շարունակվի, քանի որ խաթարվում և խախտվում է իմ վստահորդի իրավունքը ունենալու մատչելի, արդար, հրապարակային դատական քննություն: Բացի դրանից, օրենսդիրը սահմանում է ևս մեկ սկզբունք, ըստ որի յուրաքանչյուր գործ պետք է քննվի ողջամտության սկզբունքին համահունչ: Մենք դեռ 2019 թվականի մայիսից ունենք վարույթի մեջ գործ, որով ես այսօր, շուրջ երկու տարի անց, նոր առաջին անգամ ներկայացրեցի հայցի առարկան: Այդքան ձգձգվում է այս գործի քննությունը:
Եթե պատասխանող կողմը շարունակի այս ոճով, առկա են արդյո՞ք իրավական մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս գործը քննվի առանց իրենց ներկայության:
Օրենսդիրը ամրագրում է հետևյալ պահանջը՝ եթե անձը պատշաճ ծանուցված է և որևէ խոչընդոտ չկա, այսինքն իր միջնորդությանը կից նա որևէ ապացույց չի ներկայացնում, երբ որ դատական նիստը հետաձգելու կամ իր բացակայությունը հարգելի ճանաչելու միջնորդություն է անում, և դրան հավաստող որևէ ապացույց չկա, ապա դատարանը կարող է որոշում կայացնել գործի քննությունը շարունակելու առանց պատշաճ կերպով ծանուցված կողմի ներկայության:
Հիշեցնենք, որ ՛՛Վահան Բաբայանն ընդդեմ Լիզա Ճաղարյանի՛՛ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի գործով 2021 թվականի մարտի 5-ին նշանակված դատական նիստը հետաձգվեց մինչև 2021 թվականի մայիսի 5-ը՝ պատասխանող կողմի ներկայացուցչի վատառողջ լինելու պատճառով: