Հարթակի ամենասպասված ելույթ ունեցող մարդն այսօր 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն է. Վահան Բաբայան

Iravunk.com-ը հարցազրույց է վերցրել Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանից: Հարցազրույցը՝ ստորև:

՛՛Վճռորոշ օրը հետաձգվեց եւս մի օրով, երեկ այդպես էլ լուռ մնաց ե՛ւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, ե՛ւ վարչապետի աթոռից կառչած Նիկոլ Փաշինյանը: Ստեղծված իրավիճակի հնարավոր ելքերի շուրջ «Իրավունքը» զրուցեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ: Ըստ նրա, այս երկկողմանի լռության մեջ բավականին բարդ է որեւէ քաղաքական կանխատեսում անել:

– Ակնհայտ է, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի արտահերթ ընտրությունների օրակարգ ձեւակերպեն, եւ այդ կեղծ օրակարգը թելադրեն ընդդիմությանը: Իհարկե, սա լավագույն շանսը կարող է լինել իշխանության համար, որպեսզի կարողանան պահպանել իրենց որոշակի լծակները եւ թեկուզ հրաժարականի միջոցով արտահերթ ընտրություններին փորձեն վերարտադրվել: Պատկերացրեք, թե ինչպես 50 օրվա ընթացքում իշխանությունն իր ողջ լծակները կկիրառի եւ կկարողանա ընտրություններին, ինչու ոչ, նաեւ կոալիցիաներով ապահովել իր վերարտադրությունը: Ուստի` հրապարակը պետք է թելադրի օրակարգ, այլ ոչ թե իշխանությունը:

– Այսինքն` հիմա էլ ստացվում է, որ ընդդիմությանը ձեռնտու չէ՞ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

– Ոչ թե ձեռնտու չէ, այլ հրաժարականի պահանջները եւ օրակարգը պետք է հստակ ձեւակերպված լինի: Համարենք, թե հրաժարական է տալիս, ի՞նչ է փոխվում դրանից` նա արտահերթ ընտրություններով լեգիտիմացնո՞ւմ է իր իշխանությունը` այլ ուժերի հետ միասին, թե՞  հրաժարական է տալիս եւ ընտրությունների անցկացման հետ որեւէ աղերս չի ունենում: Սրանք տարբեր իրավիճակներ են: Կարեւոր է, թե ով է կազմակերպելու Հայաստանում արտահերթ ընտրություններ, որովհետեւ եթե կազմակերպողը լինելու է Նիկոլ Փաշինյանն, ապա ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը: Այն լինելու է մի մեծ թատրոն, որի գլխավոր դերակատարն էլի ինքն է:

– Պարոն Բաբայան, ամբողջ աշխարհում բանակն է պաշտպանում իր ազգին, մեր երկրում արդեն շաբաթներ շարունակ ազգովի պաշտպանում են զինված ուժերին Փաշինյանից: Ինչպե՞ս սա հասկանալ:

– Մենք պարադոքսալ երկիր ենք: Նախ ասեմ, որ ոչ մի երկրում բանակն ուղղակի հայտարարություն չի անում, իսկ եթե անում է, հետո ամբողջ ազգով սպասում են, որ ինչ-որ գործողություններ կլինեն: Տվյալ պարագայում բանակը ոչինչ չի արել, իր կարծիքն է հայտնել, ինչը ողջունելի է, որովհետեւ իրենք չէին կարող անմասն մնալ: Եվ այն թեզը, թե իբր ռազմական հեղաշրջման փորձ է եղել, կրկին անգամ պետք է վերահաստատենք, որ բանակը որեւէ գհործողություններ չի արել օրենքից դուրս, այլ ընդամենն իր կարծիքն է հայտնել երկրում տիրող իրավիճակի վերաբերյկալ, որն արդեն դուրս է քաղաքական գործընթացներից: Սա արդեն պետականությունը կորցնելու եւ անվտանգության հարցեր են: Դրա համար այդ պարադոքսների մեջ այսպես շարունակելու ենք` մինչեւ հասկանանք ինչ է լինում: Բայց մի բան ակնհայտ է` այսպես երկար շարունակվել չի կարող:

– Ամեն դեպքում, Փաշինյանի հրաժարականի պահանջ ներկայացրել էին կուսակցությունները, կաթողիկոսները, ինչո՞վ էր այս շարքում տարբերվում ԶՈւ ԳՇ հայտարարությունը, եթե դրան չէր հաջորդելու քայլեր: 

– Այդ հարցին պետք է ԳՇ-ն պատասխանի, տարբեր թվեր էին ասում, թե ամսի 3-ին, 9-ին վերջին օրն է, հիմա պետք է հասկանալ` այդ վերջնաժամկետն, ի վերջո, ե՞րբ է: Օնիկ Գասպարյանն ի՞նչ քայլերի է գնալու կամ ինչպես է շարունակելու իր այդ հայտարարության պնդումները: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ոչ ոք չունի, մնացածը խոսակցություններ են: Հրապարակն էլ պետք է ունենա կոնկրետ ծրագիր եւ գնա կոնկրետ քայլերի, վերջիվերջո, ժողովուրդը վերջնականապես հիասթափված սպասում է փոփոխությունների եւ թելադրողը պետք է լինի հրապարակն ու ժողովուրդը, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանը:

– Մարդիկ հրապարակից էլ են հիասթափվում, երբ, օրինակ, Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին բեմահարթակից ելույթ է ունենում տրանսվեստիտ Կարաբինայի մասին ֆիլմի սցենարիստը:

– Ելույթներ ունենալու ժամանակը վաղուց անցել է, դրանք այսօր ոչ մեկին հետաքրքիր չեն: Կարող են գալ հիասքանչ հռետորներ եւ, ուղղակի, ինչ-որ խոսքեր հնչեցնել, բայց դրանք որեւէ բան չեն փոխելու: Իսկ թե ովքեր են ելույթ ունենում եւ ինչ տեսակի մարդիկ են հայտնվում հարթակի վրա, գուցե կան որոշողներ: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ նմանատիպ ելույթներով մենք հարցի լուծման չենք գա: Այս հարթակի ամենասպասված ելույթ ունեցող մարդն այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է: Մենք շփվում ենք մարդկանց հետ եւ տեսնում ենք, որ իրենք սպասում են նման կալիբրի մարդկանց ելույթների: Այսօր շատ օրհասական եւ լուրջ վիճակ է եւ միայն վանկարկումներ հնչեցնելով` «սայլը տեղից չի շարժվի»: Կոնկրետ գործողություններ են պետք եւ կոնկրետ ծրագիր: Հույս ունենանք եւ հավատանք, որ, ի վերջո, այս 4 ամսվա պայքարը կունենա որոշակի արդյունքներ: Չհավատալ դրան նշանակում է վերջանակապես մարդկանց հուսահատեցնել եւ ասել, որ Հայաստանում շանս չկա լուսավոր ապագայի:՛՛

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ