Որ հիվանդություններն են հանգեցնում մազերի վաղաժամ ճերմակման և ինչպես խուսափել այս խնդրից

Մազերի ճերմակումը սովորաբար ասոցացվում է ծերացման գործընթացի հետ ու համարվում է տարիքի մասին հուշող հիմնական «ախտանշաններից» մեկը, սակայն որոշ դեպքերում մազերը ճերմակում են ժամանակից շուտ և որևէ կապ չեն ունենում օրգանիզմի ծերացման հետ։ Գիտնական, տրիխոլոգ Յուլիա Գալյամովայի խոսքով՝ մազերի նման վաղաժամ ճերմակումը կապված է առողջական մի շարք խնդիրների հետ և կարող է լինել շատ լուրջ ախտանշան, որը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:

Մասնագետի խոսքով՝ ճերմակ մազերը կարող են ի հայտ գալ անգամ այն տարիքում, երբ ծերացման մասին խոսք անգամ չի կարող լինել։ Նման դեպքերում շատ հաճախ այս առանձնահատկությունը պայմանավորված է լինում ժառանգական նախատրամադրվածությամբ, որի դեմ որևէ արդյունավետ միջոց ձեռնարկելն այնպես էլ հեշտ չի լինում։

«Մազերի ճերմակումն, ինքնին, մազարմատներում գունանյութ արտադրող բջիջների կյանքի մարման ժառանգական մեխանիզմն է», – բացատրում է մասնագետը՝ միաժամանակ հավելելով, որ որոշ դեպքերում մազերի ճերմակումը կարող է պայմանավորված լինել որոշակի հիվանդություններով։

Ինչպես նշում է բժիշկը, մազերի վաղաժամ ճերմակումը կարող է պայմանավորված լինել մաշկի քրոնիկ հիվանդություններով, ինչպես նաև ներզատական համակարգի հիվանդություններով, ուստի նման խնդիրն անուշադրության մատնելը կարող է բավական լուրջ հետևանքներ ունենալ։

Գալյամովայի խոսքով՝ հիվանդություններով չպայմանավորված վաղաժամ ճերմակումից խուսափելու որևէ արդյունավետ միջոց իրականում գոյություն չունի, սակայն կան գիտականորեն ապացուցված որոշակի խորհուրդներ, որոնց հետևելը թույլ կտա հնարավորինս կանխել վաղաժամ ծերացումն ու պահպանել երիտասարդությունը և վարսերի գեղեցիկ ու թարմ տեսքը։

Նման օգտակար խորհուրդների շարքին են դասվում լիարժեք քունը, բալանսավորված ու առողջ սննդակարգը, անհրաժեշտ վիտամինների մակարդակի ապահովումն ու առողջ կենսակերպը։

Աղբյուր՝ https://www.tert.am/medicine/am/news/2021/03/11/hair/83035?fbclid=IwAR3oB-cLqDzUf-b6a7_JgjhpoKdLN5GwGAaocCSbIWUC6mYm1_jZfQbI-0A