Ադրբեջանը պատրաստվո՞ւմ է Հայաստանի դեմ նոր պատերազմի. Greek City Times
Թվում է, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, այս անգամ՝ ուղղակիորեն Հայաստանի տարածք ներխուժման համար: Այս մասին գրում է News.am-ը՝ հղում տալով Greek City Times-ում տպագրված վերլուծաբան Պոլ Անտոնոպոլուսի հոդվածին:
«Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղ Թուրքիայի կողմից հովանավորվող ներխուժումից եւ պատերազմից երկու օր առաջ Greek City Times-ը հաղորդել էր, որ Թուրքիան սիրիացի վարձկաններ է տեղափոխում Ադրբեջան: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերքում էր դա, բայց այժմ կան անհերքելի ապացույցներ, այդ թվում՝ լուսանկարներ, տեսանյութեր, գերեվարված վարձկաններ եւ ականատեսների վկայություններ:
Հիմա թվում է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, այս անգամ՝ ուղղակիորեն Հայաստանի տարածք ներխուժման համար:
Չնայած Ադրբեջանը սիրիացի վարձկանների եւ թուրքական հատուկ նշանակության ջոկատների օգնությամբ հայերից հետ գրավեց Լեռնային Ղարաբաղը շրջապատող յոթ շրջանները, կարծես շուտով նոր հակամարտություն է բռնկվելու: Յոթ շրջանների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու մեջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անպատրաստության եւ/կամ շահագրռված չլինելու պատճառով նվաստացուցիչ պարտությունից հետո Ադրբեջանին տրվեց ցամաքային ուղիղ ճանապարհ, որպեսզի նա կարողանա Հայաստանի Սյունիքի մարզով մուտք գործել իր էքսկլավ Նախիջեւան: Սա համաձայնեցվել էր նոյեմբերի 10-ի եռակողմ (Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան) հայտարարության ստորագրման ժամանակ:
Մոնթե Մելքոնյանը 1990-ականների սկզբին ասում էր, որ եթե հայերը Լեռնային Ղարաբաղը զիջեն Ադրբեջանին, նրանք կկորցնեն Սյունիքի մարզը, որը բաժանում է Ադրբեջանն ու Նախիջեւանը:
Նա կարծում էր, որ եթե ադրբեջանական ուժերին հաջողվի վտարել հայերին Ղարաբաղից, նրանք հետո կհարձակվեն Սյունիքի եւ Հայաստանի այլ մարզերի վրա: Եթե Ադրբեջանը գրավեր Սյունիքը, դա ոչ միայն Ադրբեջանը կկապեր Նախիջեւանի հետ, այլ նաեւ Թուրքիային անմիջական ելք կտար դեպի նավթով ու գազով հարուստ Կասպից ծով եւ հետագայում դեպի Կենտրոնական Ասիա:
Ադրբեջանը պաշտպանում է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղը եւ հարակից տարածքները վերադարձնելու հարցում՝ ՄԱԿ-ի բանաձեւերի հիման վրա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նաեւ հայտարարել է, որ իր երկիրը շահագրգռված է միայն վերադարձնել այն տարածքը, որը համարում է գրավյալ:
Սակայն թուրք եւ ադրբեջանցի ազգայնականները կոչ են անում օկուպացնել Սյունիքի մարզը, որպեսզի վերջ տան Նախիջեւանի բաժանմանը Ադրբեջանից: Շատ հայտնի հայեր նախազգուշացնում են, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի երկարաժամկետ նպատակը այսօրվա հյուսիսային Հայաստանի վրա հիմնված ավելի փոքր հայկական պետություն ստեղծելն է:
Կարծես Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի`Սյունիքը Հայաստանից խլելու համար:
Անցյալ շաբաթ Ալիեւը հայտարարել էր, որ «նոր տրանսպորտային միջանցք կանցնի Զանգեզուրով՝ Ադրբեջանի պատմական տարածքով, եւ կկապի մայրցամաքային Ադրբեջանը իր անբաժանելի մասի՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ Թուրքիայի հետ»:
Ալիեւը երեքշաբթի օրը հայտարարել էր, որ «Հայաստանը ցանկանում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը, բայց նրանց դա չի հաջողվի: Մենք նրանց կստիպենք»: Սա ակնհայտ նշան է այն բանի, որ Ադրբեջանը պատրաստ է ուժ կիրառել Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցք բացելու համար, որը Նախիջեւանը կապելու է Ադրբեջանի հետ: Ալիեւի հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ փետրվարի վերջին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Ադրբեջանի զինված ուժերը հատուկ գործողություն են իրականացնելու Ղարաբաղում: «Մենք չենք կարող ձեզ ասել, թե կոնկրետ որ տարածքում դա տեղի կունենա, բայց երկու կողմերում էլ ռազմական տեխնիկայի կուտակում կա»
Մեկ այլ ենթադրության համաձայն՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական գործողության Սյունիքի դեմ՝ թուրքական Boeing 737AEW & C վաղ նախազգուշացման եւ վերահսկման ինքնաթիռը պտտվել է Հայաստանի սահմանի մոտակայքում: Սա CENAH01 ծածկանունով նույն ինքնաթիռն է, որն օգտագործվել է անցյալ տարվա պատերազմի առաջին օրերին: Տեղեկություններ կան նաեւ, որ Ադրբեջանը պահեստազոր է կանչում, իսկ թուրք եւ ադրբեջանցի զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացնում Հայաստանի հետ սահմանի մոտ:
Ենթադրությունն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, հնչում է այն ժամանակ, երբ Ուկրաինան, կարծես, պատրաստվում է Դոնբասում զինված խմբավորումների դեմ գարնանային հարձակմանը: Հնարավոր է, որ Ադրբեջանը եւ Ուկրաինան՝ Թուրքիայի մերձավոր դաշնակիցները, միաժամանակյա գործողություններ սկսեն, որպեսզի ստիպեն Ռուսաստանին զիջումների գնալ: Թուրքիան վճռականորեն ընդգծում է, որ Ղրիմը Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածք է, իսկ թաթարական փոքրամասնությունը, իբր, ճնշված է: Բացի այդ, Թուրքիան դրոններ է մատակարարում ուկրաինացի զինվորականներին, ինչպես նաեւ հայտարարում է, որ առանց տատանվելու հանդես կգա Հայաստանի դեմ, եթե նա չզիջի իր պահանջներին:
Չնայած անը Հայաստանը Ռուսաստանից դեպի ազատական Արեւմուտք շրջելու Փաշինյանի փորձերին՝ Մոսկվան այժմ օգնում է բարեփոխել հայկական բանակը եւ վերազինել այն: Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ «Հայաստանում ռազմական բարեփոխումները ոչ միայն պլանավորված չեն, այլ արդեն ընթացքի մեջ են, եւ մեր ռուս գործընկերներն անմիջական մասնակցություն ունեն այդ գործընթացում»: Նրա խոսքով՝ հիմնական ջանքերն ուղղվելու են կառավարման, հետախուզական համակարգերի, ռադիոէլեկտրոնային պայքարի, հակաօդային պաշտպանության ու անօդաչու սարքերի, հրթիռային ուժերի ու հրետանու զարգացմանը:
Ի պատասխան՝ Ալիեւն ասել է, որ Ռուսաստանը չպետք է օգնի Հայաստանին արդիականացնել իր բանակը եւ չպետք է նոր զենք տրամադրի:
Ավելի կարեւոր է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Եթե Հայաստանը հարձակման ենթարկվի, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը պարտավոր կլինեն օգնություն ցուցաբերել:
Թեեւ քիչ հավանական է, որ Ադրբեջանը, նույնիսկ Թուրքիայի աջակցությամբ, պատրաստ լինի Ռուսաստանին ներքաշել ռազմական հակամարտության մեջ, հարց է ծագում՝ արդյո՞ք Մոսկվան կկարողանա հաղթահարել Կովկասում եւ Դոնբասում միաժամանակ հակամարտությունները, եթե Ադրբեջանը եւ Ուկրաինան միաժամանակյա գարնանային հարձակումներ սկսեն: Շատ հավանական է, որ Թուրքիան Ադրբեջանին եւ Ուկրաինային միաժամանակյա գործողություններ ձեռնարկելու կոչ անի՝ Ռուսաստանից զիջումներ ստանալու համար, օրինակ՝ Հայաստանին ստիպել տրանսպորտային միջանցք բացել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ»:
Աղբյուր՝ Newspress.am