Ուսապարկերին կփոխարինեն զրահաբաճկոնները՝ թուրքերենի իմացությամբ

«168 ժամ»-ը գրում է.

՛՛Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե իշխող քաղաքական թիմն ընտրություններին կմասնակցի Նիկոլ Փաշինյանի դեմքով։ Սա, իհարկե, կանխատեսելի էր ոչ միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն իրենից բացի՝ որևէ այլ դեմք չի հանդուրժում, այլ, որովհետև գործնականում, նրանից բացի, իշխանությունը չունի այլ դեմքեր ընդհանրապես։

Սակայն, եթե դեմքի հարցն իշխանությունը համարում է լուծված, ապա խիստ կասկածելի է «քաղաքական թիմ» կոչվածների պարագան։ Միամտություն կլինի կարծել, թե Նիկոլ Փաշինյանն ընտրությունների կգնա բոլոր հնարավոր մեթոդներով վարկաբեկված 88 հոգանոց իր խորհրդարանական խմբակցությամբ, որոնց նրա կուսակցական խոսնակն արդարացիորեն համեմատել էր Նիկոլ Փաշինյանի ուսապարկի հետ։

Նրանք այլևս օգտագործված ու ժամկետանց ուսապարկեր են, և հիմա Նիկոլ Փաշինյանը պետք է գտնի նորերին։ Այն տեխնիկական տարբերությամբ, որ նրա նոր քաղաքական թիմը բաղկացած կլինի ոչ թե ուսապարկերից, որով մինչև իշխանության գալը շրջում էր Նիկոլ Փաշինյանը, այլ զրահաբաճկոններից, որով նա շրջում է հիմա՝ արդեն իշխանություն ունեցողի կարգավիճակում։

Ընդ որում, Նիկոլ Փաշինյանին պետք են զրահաբաճկոններ ոչ միայն՝ որպես իր կողմից ամենաշատն օգտագործվող աքսեսուարի իդենտիկության նշան, այլ նաև բովանդակային իմաստով․ նրան անհրաժեշտ են մահապարտներ, ովքեր իրեն կպաշտպանեն քաղաքական հակառակորդներից ու քաղաքացիներից, այնպես, ինչպես իր կարծիքով՝ պաշտպանում է հագուստի տակից այդքան աչք ծակող զրահաբաճկոնը։

Մեծ է հավանականությունը, որ «Իմ քայլի» պատգամավորական ցուցակի, իմա՝ նոր զրահաբաճկոնների քասթինգն արդեն իսկ սկսված է, և Նիկոլ Փաշինյանը՝ կա՛մ անձամբ, կա՛մ առավել հուսալի ուսապարկ–զրահաբաճկոնների միջոցով, զբաղվում է նրանց ընտրությամբ։ Հավակնորդներին ներկայացվող պահանջները դժվար չէ կանխատեսել․ անձի՝ Նիկոլ Փաշինյանի, պաշտամունք, սեփական կարծիքի բացակայություն, քաղաքական հակառակորդներին սեփական դեմքերով և ֆեյք օգտահաշիվներով կեղտոտ հայհոյելու կարողություն, անհայրենիքություն և թուրքերենի ու ադրբեջաներենի վարժ իմացություն։ Ահա այս հատկանիշներով օժտված մի քանի տասնյակ զրահաբաճկոնից բաղկացած կլինի «Իմ քայլի» քաղաքական թիմը, որի դեմքը, ինչպես արդեն հայտնի է, լինելու է Նիկոլ Փաշինյանը։ Դեմք, որը մարդկանց մի մասի մոտ ասոցիացվելու է պարտության ու դավաճանության, կապիտուլյացիայի ու հայրենազրկման հետ, մյուսների համար՝  ներկայանալու է որպես փրկիչ, որը թույլ չի տալու «նախկինների» ու «թալանի» վերադարձը։ Ահա ուրեմն, նոր հավաքագրվելիք զրահաբաճկոնների թիմի առաքելությունը պետք է լինի՝ քաղաքացիներին համոզել, որ Արցախի 75 տոկոսի հանձնումը, հազարավոր զոհերն ու տասնյակ-հազարավոր վիրավորները, Հայաստանի տարածքին սպառնացող առարկայական վտանգներն էլ՝ վրադիր, պակաս սարսափելի են, քան «նախկինների» վերադարձը։

Նրանք ամեն ինչ պետք է անեն՝ ապացուցելու համար, որ Հայաստանի քաղաքական և, ոչ միայն՝ քաղաքական կյանքում Ալիևի ու Էրդողանի առնվազն միջնորդավորված ներկայությունն ավելի գերադասելի է, քան «նախկինների» ներկայությունը։ Իհարկե, անհեթեթ է հնչում, բայց Հայաստանում ամեն ինչի ու հատկապես իշխանության հիմքում վաղուց ընկած է ոչ թե բանականությունը, այլ անհեթեթությունը, որի տարածմամբ էլ առաջիկա երեք ամիսներին զբաղվելու են մի խումբ զրահաբաճկոններ՝ իրենց փրկչադավաճանական կամ դավաճանափրկչական դեմքի գլխավորությամբ։

Արշավիր Իշխանյան՛՛