Կալիֆորնիայի նահանգապետը գրառում է արել Սան Ֆրանցիսկոյի հայկական կենտրոնի վրա հարձակման մասին
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը «Թվիթեր»-ի իր էջում հրապարակել է Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գտնվող հայկական կենտրոնի վրա հարձակման մասին լուրն ու գրառում է կատարել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նյուսոմը գրել է.
«Այս եկեղեցում այնքան հրաշալի, հուզիչ պահեր եմ ապրել: Սրտի խոր ցավով տեղեկացա լուրի մասին, բայց գիտեմ, որ այս ֆիզիկական պատերից էլ դուրս համայնքն ապրում է ու կշարունակի հույս ու հավատ փոխանցել շատերին»,- գրել է Նյուսոմը։
Սան Ֆրանցիսկոյի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գտնվող հայկական կենտրոնը հարձակման էր ենթարկվել: Հրդեհի հետևանքով նյութական մեծ վնաս է հասցվել: Այդ կենտրոնում են գտնվում «Վասպուրական» սրահը և եկեղեցու ու շրջանի կազմակերպությունների գրասենյակները: