Ընտրությունների բլեֆը
Հայաստանում կատարվում է աննախադեպ երևույթ` դեռ մարդկության պատմությանը անհայտ է նման մի իրավիճակ, երբ պատերազմում խայտառակ պարտության պատճառ դարձած իշխանության դեմ 5 ամիս մղվում է փողոցային պայքար և մեկ օրում այդ պայքարը վերանում է փողոցից կարծես այն չի էլ եղել:
Մի ֆեյսբուքյան գրառման պատճառով հանրությունը, քաղաքական ուժերը, տարբեր տրամաչափի գործիչներ լծվել են նախընտրական պատրաստություններ տեսնելու: Չկա վարչապետի հրաժարական, բայց կա մի առեղծվածային օր` հունիսի 20, ինչին մարդիկ հավատացել են: Եկեք հիշենք, որ նույն սցենարով անցյալ տարի պետք է լիներ նաև հանրաքվե, բայց այդ հանրաքվեն մինչ օրս հետաձգված է, քանի նման խոստում և առաջարկ է արել գործող վարչապետը բարդ է հաշվել:
Բարդ է նաև հավատալ, որ սա նրա հերթական բլեֆը չէ: Իսկ ի՞նչու հարց չի առաջանում, ասենք Փաշինյանը հրաժարվում է ընտրություններ անցկացնելու գաղափարից, ի՞նչ է անելու ընդդիմությունը, որ չարեց նոյեմբեր-մարտ ամիսներին:
Ով՞է տեսել, որ ընտրություններ նշանակվեն ցանկությամբ, հեռավոր ժամկետներում, ամիսներ առաջ, այն էլ արտահերթ: Առանց օրինական ուժի մեջ մտնելու որոշման,առանց ԱԺ լուծարման քաղաքական ուժերը ցուցակ են կազմում, շտաբ բացում, նույնիսկ դաշինքներ կազմում:
Իրոք անհասկանալի է: Կամ իրենք բոլորը գիտեն մի բան, որ մենք, հասարակ մահկանացուներս, չգիտենք, կամ սա հերթական բլեֆ է: Իհարկե պետք չէ բացառել, որ հենց հունիսի 20-ին կկայանան այդ կասկածելի թվացող ընտրությունները, բայց ներկա վիճակի վերլուծությունը խոսում է հակառակ բաների մասին: Կապրենք, կտեսնենք, թե ինչի՞ և հատկապես ո՞ւմ համար էր այս հերթական շոուն գծագրվել:
Հեղինակ՝ Վիկտոր Մարտիրոյան
