Հիշատակի միջոցառումները կկայանան «Հիշատակի եռերգություն» համերգային ծրագրի շրջանակում, որի ժամանակ կկատարվեն 3 ռեքվիեմներ։

 

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը` ապրիլի 24-ին, վաղ առավոտից երկկողմանի փակ կլինի «Հաղթանակի» կամրջից մինչև Լենինգրադյան փողոց հատվածը և Վերֆելի փողոցի վերին հատվածից դեպի Բրազիլիայի հրապարակող տանող հատվածը։ Այս մասին, ինչպես հայտնում է Sputnik Արմենիան, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը։

Նա նաև նշեց, որ առավոտյան ժամը 09։00-10։00 մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կսահմանափակվի պաշտոնական պատվիրակությունների այցերի պատճառով։

«Կխնդրեմ մեր քաղաքացիներին տվյալ ժամին կամ դրանից մի փոքր ավելի շուտ սահմանափակել այցելությունները դեպի Ծիծեռնակաբերդ, որպեսզի կուտակումներ չլինեն։ Գիտեք, որ մենք համավարակային իրավիճակում ենք և փորձում ենք նաև ավելորդ կուտակումներից խուսափել»,– ասաց Հարությունյանը։

Ինչ վերաբերում է հիշատակի միջոցառումներին, Նիկոլ Փաշինյանի խորհրդականը նշեց, որ կառավարությունը հաստատել է «Հիշատակի եռերգություն» միջոցառումը, որի շարքում ապրիլի 23-ին` ժամը 23։00-ին, Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կկատարեն Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»։ Համերգը նաև կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։