Առջևում կոմպրոմատների պատերազմն է

Ինչպես երեկ տեղեկացանք, այնուամենայնիվ վարչապետ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Ըստ ՀՀ Սահմանադրության, յոթ օր հետո ԱԺ-ն պետք է կամ ընտրի կամ չընտրի նոր վարչապետ, այնուհետև հաջորդող մյուս յոթերորդ օրը ԱԺ-ն կրկին պետք է ընտրի կամ չընտրի վարչապետ, ինչից հետո նոր վարչապետ չընտրվելու դեպքում ԱԺ լուծարվում է: Իսկ Փաշինյանը այս դեպքում կարո՞ղ է մնալ որպես վարչապետի պաշտոնակատար, թե ոչ՝ առանձին քննարկման հարց է և դրան առաջիկայում կանդրադարնանք:

Այս պահին ընտրությունների գնալու ձգտումը թելադրված է մեծապես արտաքին գործոններով և փաստորեն Նիկոլին որևէ մեկը չի հարցնում նա դա ուզում է, թե ոչ, այլ նրան հասկացրել են, որ դա միակ ճանապարհն է, որ կարող է հանդարտեցնել Հայաստանի ներքաղաքական կյանքը:

Եվ նույնիսկ Սյունիքում տեղի ունեցած խայտառակ պահերը նրան չկանգնեցրեցին, Փաշինյանը գնաց վա բանկ` հասկանալով, որ կարող է նաև պարտվել: Թե սոցիոլոգիական հարցումները ի՞նչ են մեզ հուշում, դա այս պահին կարևոր չէ,կարևոր է, որ յուրաքանչյուր պահի կարող են լինել տհաճ անակնկալներ Նիկոլի և իր տերերի համար:

Սկսած յոթերորդ օրը նոր թեկնածու առաջադրելուց մինչև կոմպրոմատների հրապարակում: Իհարկե, Փաշինյանը ևս պատրաստվել է հնարավոր զարգացումներին և պարտության դեպքում նա կարող է արագ լքել երկիրը և ապաստան խնդրել իր տերերից, իսկ ԱԺ-ում ունենալ թավշյա կոլորիտային ուսապարկերից  ձևավորված ընդդիմադիր խմբակցություն: Նա դրսից կշարունակի քայքայել Հայոց պետականության հիմքերը և պատրաստվել ռևանշի:

Ամեն դեպքում պետք է եզրակացնենք, որ այս արտահերթը եթե կայանա, այն լինելու է առաջին հերթին, կոմպրոմատների և բացահայտումների պատերազմ: Ուժեղ խաղացողները իրենց խաղաքարտերը բացելու են վերջում և դրանից է կախված մեր երկրի ապագան և ապագա տարիներին Հայաստանի իշխանության հարցը:

Իրական պատերազմի փոխարեն, հավանական է, որ երկիրը կարող է հայտնվել կոմպրոմատային պատերազմի ճիրաններում: Նման բաներ վերջին երեք տարիներին մեր բազմաչարչար հասարակությունը ոչ մեկ անգամ տեսնելու առիթներ ունեցավ:

 

Հեղինակ՝ Վիկտոր Մարտիրոսյան