Վարչապետը կառավարության անդամներին հորդորեց մեկ շաբաթվա ընթացքում պատվաստվել
Ունենք պատվաստման բավականին մեծ պոտենցիալ, բայց բախվում ենք մի խնդրի հետ, որ այդ պոտենցիալը պատշաճ մասշտաբներով չի իրականացվում, ինչը որոշակի ռիսկեր է առաջացնում։ Կառավարության նիստի մեկնարկին այս մասին ասաց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Տնտեսական ակտիվության առումով կարևորագույն գործոն է, թե երկրում բնակչության որ մասն է կորոնավիրուսից պատվաստված։ Մանսավորապես զբոսաշրջության ոլորտում երկրները գնահատվում են նաև այս չափանիշով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս Առողջապահության նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեց, թե Հայաստանը պատվաստումների ինչ հնարավորություն ունի և ինչպես ենք այս պահի դրությամբ իրացրել այդ պոտենցիալը։
Նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ Հայաստանում առկա են անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, որպեսզի քաղաքացիները հեշտությամբ պատվաստվեն. «Արդեն մի քանի օր է, ինչ պատվաստանյութը հասանելի է 18-ից բարձր յուրաքանչյուր քաղաքացու։ Հաջորդ շաբաթվանից կունենանք նաև շարժական թիմեր, որոնք քաղաքի բավական բանուկ մասերում տեղակայված կլինեն և ևս մեկ քայլ կմոտեցնեն պատվաստումը մեր քաղաքացիներին»,-նշեց Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով Հայաստանում առկա բոլոր պատվաստանյութերը 100 տոկոսով պաշտպանում են հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից։ Անահիտ Ավանեսյանը վստահեցրեց, որ պատվաստանյութից թեթև կամ ծանր կողմնակի ազդեցության ռիսկը գրեթե զրոյական է, եթե համեմատում ենք կորոնավիրուսով վարակվելու և դրա հետևանքով առողջությանը ծանր և մահվան դեպքերով։
«Ես երեկ պատվաստվել եմ, ինձ շատ լավ եմ զգում և հուսով եմ՝ այս օրինակը վարակելի կլինի»,-հավելեց Անահիտ Ավանեսյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ գործընկերներին հորդորեց նույնպես պատվաստվել. «Եկեք պայմանավորվենք, որ մեկ շաբաթվա ընթացքում դահլիճում ներկա բոլոր մարդիկ կպատվաստվեն»։
