Արմեն Սարգսյանը չափազանց մտահոգիչ է համարում Սյունիքում ստեղծված իրավիճակը
Armeniasputnik.am-ը գրում է.
«ՀՀ նախագահը շեշտում է, որ երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սյունիքում ստեղծված իրավիճակը գնահատում է չափազանց մտահոգիչ և կարևոր է համարում շուտափույթ հանգուցալուծումը:
Հրատապ և անհետաձգելի է անհրաժեշտ բոլոր միջոցների ձեռնարկումը՝ անվերապահորեն պաշտպանելու Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացու շահերը և անվտանգությունը:
Նախագահը և նախագահի աշխատակազմը մշտական կապի մեջ են պետական համապատասխան մարմինների հետ: Տեղեկատվություն է ստացվում նաև անմիջապես Սյունիքի մարզից:
Նախագահի դիրքորոշումն է, որ երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն, դրանց նկատմամբ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է և պետք է արժանանա հստակ ու կտրուկ հակազդեցության, ինչպես նաև միջազգային արձագանքի: Իրավիճակի հետագա սրման, տարածաշրջանի առանց այն էլ զգայուն իրադրության խաթարման ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:
Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։
Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Մայիսի 12-ի ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակի հարցով հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարել էր, որ «իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային»։
