«Ալիևին կրածը պարտվածի հետ ինչի՞ շուրջ բանավիճի». Փաշինյանին մերժեց նաև «Հայաստանը»

 

Armeniasputnik.am-ը գրում է.

«Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ դերակատար քաղաքական ուժերը Նիկոլ Փաշինյանի հետ որևէ բան չեն ուզում քննարկել։

«Հայաստան» դաշինքը հստակ հայտարարում է, որ չի պատրաստվում դավաճանի հետ բանավիճել։ «Հայաստան» դաշինքի անդամների ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ցուցակի 2-րդ տեղը զբաղեցնող Իշխան Սաղաթելյանը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 31-ին ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին ընտրություններից առաջ հրավիրել էր ուղիղ եթերով բանավեճի։

«Մենք դավաճանի հետ քննարկելու ոչինչ չունենք, այլ ունենք մեկ օրակարգ` քշել այս չարիքի իշխանությունը»,–ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` կարևոր արձանագրում եղավ օրերս` մի քանի կուսակցությունների կամ դաշինքների առաջին համարներ նույնպես հստակ հայտարարեցին այս մասին, ինչը նշանակում է, որ Փաշինյանի հետ դերակատար քաղաքական ուժերը որևէ բան չեն ուզում քննարկել։

«Ալիևին կրածը գնա Ալիևին պարտվածի հետ ինչի՞ շուրջ բանավիճի։ Փաշինյանն ունի թեկնածուներ բանավիճելու` Արման Բաբաջանյանը և այլն, թող գնան իրենք իրենց հետ բանավիճեն»,–հավելեց Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն էլ իր հերթին հայտնել էր, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը չի պատրաստվում Փաշինյանի հետ բանավեճի գնալ։»