Կամ արգելում ես, կամ իրենք պետք է ընդունեն, որ օտարերկրյա գործակալ են. Քոչարյանը՝ Սորոսի գրասենյակի մասին
«Վեհափառ Հայրապետի հետ պարբերաբար, ռեժիմային հանդիպումներ ենք ունեցել միշտ, բոլոր հարցերը շատ արագ լուծվում էին՝ կապված եկեղեցու հետ»,- Տավուշի մարզի Բերդ քաղաքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ ուղղակի այլ բնույթ էին կրում իրենց հարաբերությունները, շատ գործնական. «Իմ կարծիքով՝ սա մի գործոն է, որը ազգային ինքնության հենասյուներից մեկն է և հենասյունը քանդելն ուղղակի անթույլատրելի է հատկապես այս տարածաշրջանում»։
Անդրադառնալով Սորոսի գրասենյակի գործունեությանը Հայաստանում՝ ՀՀ երկրորդ նախագահն ասաց, որ օրենքով պետք է կարգավորեն:
«Մենք ուղղակի օրենսդրական դաշտն ենք ձևավորելու, որից հետո կամ խիստ սահմանափակումներ, կամ ուղղակի արգելք է դրվելու նման կազմակերպության գործունեության առջև։
Երկու մոդել կա՝ կամ արգելում ես, մյուսը՝ իրենք պետք է ընդունեն, որ օտարերկրյա գործակալ են և եթե որպես օտարերկյա գործակալ, այդ աֆիշայով պատրաստ են հանդես գալ, ուրեմն նաև վերահսկողության տակ են։
Սա է մոդելն այլ երկրներում, որն այսօր կիրառվում է։ Այստեղ նոր բան հորինել պետք էլ չի»,-ասաց Ռ. Քոչարյանը:
