«Նա այնքան տգետ է, որ չի հասկանում՝ հետագայում այդ ականազերծված դաշտերով տանկերը գալու են, մտնեն Ստեփանակերտ․ ադրբեջանագետ — 168․am

168.am-ը գրում է․

«Երեկ հայ հանրությունն ուրախություն էր ապրում՝ կապված մեր 15 գերեվարված եղբայրների վերադարձի հետ, և երեկ ընդդիմադիր դաշտում սուգ ու ողբ էր՝ էլի կապված մեր 15 գերեվարված եղբայրների վերադարձի հետ,- Եղվարդում քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով,- Շատ տարօրինակ իրադրություն է ստեղծվել․ փաստորեն, այնպիսի տպավորություն էր, որ ընդդիմությունը կամ հաշվարկել էր, կամ ցանկանում էր, կամ երաշխիք էր ստացել, որ գերիները գոնե առաջիկայում չեն վերադառնալու, ու հիմա էլ՝ սուգ ու շիվան են դրել, թե՝ բա մեր քարտեզները տվել են, բոլորին կարելի էր վերադարձնել և այլն։ Ժողովուրդ ջան, ես երեկ հայտարարեցի, այո՛, ականապատ դաշտերի քարտեզներ վերադարձվել են Ադրբեջանին, բայց տպավորություն են փորձում ստեղծել, թե մենք ինչքան ունենք՝ բոլորը վերադարձվել են»։

Ամփոփելով՝ նա նշել է, որ «տասնհինգ ընտանիք վերագտել է իրեն», ինչը շատ կարևոր է, քանի որ հույս է մյուս ընտանիքների համար, որովհետև խոսքը ոչ թե ուղղակի 15 գերերվարված զինծառայողների վերադարձի մասին է, այլ գերեվարվածների վերադարձի պրոցեսը վերակենդանացնելու մասին, ապա նկատել՝ պատրաստ են քայլի դիմաց քայլ անել։

Նկատենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակմանը։ Այդ գործընթացի ձգձգման պատճառները քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակներ պայմանավորում են այս իշխանությունների՝ հարցը լուծել չկարողանալու անկարողությամբ, նաև այն հանգամանքով, որ նշված եռակողմ հայտարարության 8-րդ կետում չեն նշվել հստակ ժամկետներ՝ ի տարբերություն Ադրբեջանին հանձնվող շրջանների մասին կետի։

168.am–ն ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեց՝ արդյոք այդ՝ «քայլի դիմաց՝ քայլ»-երն արդեն իսկ նախատեսված չէի՞ն նոյեմբերի 9-ի փաստաթղթով, ի պատասխան՝ ադրբեջանագետը նկատեց․

«Ի՞նչ «քայլ՝ քայլի դիմաց»-ի մասին է խոսքը․ նա կատարում է քայլ՝ հրահանգի դիմաց․ ասել ե՞ն՝ կանես, անում է, հրահանգել ե՞ն քարտեզները տալ, տվել է։ Այժմ 15 հոգի է վերադարձրել, իսկ մնացած 285 գերիներին ինչի՞ դիմաց է վերադարձնելու։

Հետո՝ նա այնքան տգետ է, որ չի հասկանում՝ այդ «ականապատ քարտեզների դիմաց գործընթաց»-ը նշանակում է, որ հետագայում այդ ականազերծված դաշտերով տանկերը գալու են մտնեն Ստեփանակերտ, ու արդեն ոչ թե 15 ընտանիքում լույս կվառվի, այլ 150 հազար ընտանիքում լույս կմարի։ Ես հասկանում եմ, որ Եղվարդում այդ մութ, տգետ մասսան, որը պատրաստ է նրան հավատալ և ձայն տալ, նրանց համար այդ հայտարարությունը բավարար հիմք է․ բա մնացածնե՞րը, բա ապագա մարող լույսերի պատասխանն ո՞վ է տալու։

Վստահեցնում եմ, որ 285 գերիների դիմաց նա Սյունիքն է նվիրելու Ադրբեջանին կամ Թուրքիային, հիշե՛ք խոսքս, ու հետո կանգնելու է մի գյուղամեջում ու հպարտ ասի, որ ընդդիմությունը ողբ էր դրել, բայց ոչինչ, ես Հայաստանը զոհաբերեցի, ես երկիրը ոչնչացրեցի, ես Հայաստանի Հանրապետությունը զրոյացրեցի, բայց 285 ընտանիքում լույս վառեցի»։

Անդրադառնալով նոյեմբերի 9-ի փաստաթղթին՝ Արմինե Ադիբեկյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը սպիտակ թուղթ է ստորագրել, ու այդ սպիտակ թղթի տակ ամեն օր «ինչ-որ նոր պայման է բուսնում», ապա վստահեցրեց․

«Նիկոլ Փաշինյանը գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի հրահանգման ռեժիմում․ ոնց ասում են, այդպես էլ անում է։ Նա չի էլ մտածում անգամ հետևանքների մասին, ու նախիրը լուռումունջ ընդունում է ցանկացած անհեթեթություն»։

Ամբողջական նյութը կարդացեք 168.am կայքում