«Մեղավոր ենք, որ իրեն չենք այրել Թուրքիայի դրոշի հետ». ՀՅԴ-ական երիտասարդի պատասխանը Նիկոլ Փաշինյանին – «Առավոտ»
A march with torches to the memorial complex of Armenian Genocide started from Freedom Square in Yerevan, Armenia
ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հատուկ վաշտի սերժանտ Պետրոսյանն այսօր Ավշար գյուղի մշակույթի տանը, «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ դուրս է գալիս աշխատանքից եւ ոստիկանության իր ծառայակից ընկերներին, այդ եւ այլ ուժային կառույցների ղեկավարներին հորդորեց`դադարել կատարել ազգադավ իշխանության հրահանգները: Իր հայտարարությունից հետո, նա հանեց ծառայողական վերնազգեստը եւ «Հայաստան» դաշինքի քարոզչական շապիկ հագավ:
Ավշարում «Հայաստան» դաշինքի անդամներին դիմավորեց գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը: Նա ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի եղբայրն է: «Հայաստան» դաշինքին հաջողություն ենք ցանկանում`նախագահ Քոչարյանի գլխավորությամբ: Ավշարցին`իր հարազատներով ու բարեկամներով, պիտի ապացուցի, որ հավատարիմ է Հայաստանի պետականության պահպանմանը: Բարով եք եկել»,- ասաց Սուրիկ Գրիգորյանը:
Հարց տալուց առաջ, դահլիճից մի երիտասարդ ՀՅԴ-ական աղջիկ նախ մեջբերեց Նիկոլ Փաշինյանի այսօր արած հայտարարությունը, որ Թուրքիայի դրոշն այրող դաշնակցականները հունիսի 20-ին այրելու են ՀՅԴ դրոշը, եւ ասաց. «Մեղավոր ենք, որ իրեն չենք այրել Թուրքիայի դրոշի հետ»:
Ռոբերտ Քոչարյանն էլ հավելեց. «Դա ասում է Շուշին, Հադրութը հանձնողը. սա է մեր իրականությունը»: Իսկ հարցը վերաբերում էր Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հետագա հարաբերություններին: «Ես չեմ հավատում, որ արժանապատիվ հարաբերությունների համար հնարավոր է ծնկաչոք վիճակը: Դու պիտի ոտքի կանգնես, նոր խոսես արժանապատիվ հարաբերություններից: Այլ ձեւ չկա»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Մինչ այդ, նա նաեւ զարմանք էր հայտնել Նիկոլ Փաշինյանի «խաղաղասիրության» մասով, ով մուրճը ձեռքին գնում է հանդիպումների եւ սպառնում պետության ներսում իր ընդդիմախոսներին «մորթել, ջարդել, փշրել» եւ նույն ելույթում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ քիրվայության եւ հարեւանության մասին է խոսում:
Բանակին հաղթանակած փառքը վերադարձնելու մասին հարցին պատասխանելով էլ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ գյուղապետը զրույցում իրեն հարց է տվել`զորահանդես ե՞րբ ենք անելու: «Ամեն ինչ պիտի անենք, որ շուտ անենք»,- պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
15.06.21
