Հանրապետության ամբողջ տարածքում հունիսի 24-28-ը սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն
Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 24-28-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39․․․+41 աստիճան։ Հունիսի 24-29-ին նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Երևան քաղաքում՝
Հունիսի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ

Հանրապետության տարածքում`
Հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-29-ին առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքի հունիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 35.6°C (2006թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 9․5°C (2003թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 22.1°C
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն
Դիտված և կանխատեսվող եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ օդի հարաբերական նվազագույն խոնավության (14%), տեղումների երկարատև անբավարարության և օդի բարձր ջերմաստիճանների (39-40․4°C) հետևանքով հանրապետությունում շարունակվում են երաշտային պայմանները գյուղատնտեսական մշակաբույսերի աճի և ցարգացման համար, որը բացասաբար կանրադառնա բերքի որակի և քանակի վրա։ Բույսերը լրացուցիչ ոռոգման կարիք ունեն։
