Ռուսաստանի քաղաքական կուրսը կարող է փոխվել նաև ներիշխանական վերադասավորումների դեպքում․ միջազգայնագետ
Հայաստանում, երբ խոսվում է Ռուսաստանի քաղաքական կուրսից, դրա փոփոխությունը շատերը կապում են իշխանափոխության հետ։ Սակայն կուրսը կարող է փոխվել նաև ներիշխանական որոշակի վերադասավորումների դեպքում։ Նման կարծիքի Է հայտնել իր Telegram-ալիքում միջազգային փորձագետ Արմեն Մխիթարյանը։
«Այսպես, Ura.news լրատվական գործակալության լրագրողները հաշվել են, որ ՌԴ-ում ներկայիս 450 պատգամավորներից 81-ը կապված են ուժային կառույցների հետ։ Ընդ որում՝ արդեն հաջորդ Դումայում այդ թիվը կարող է աճել 1.5 անգամ։ Իշխանական «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախընտրական ցուցակներում միամանդատ օկրուգներից 225-ից 52-ը ուժայիններից են (բանակ, ԱԴԾ, ՆԳՆ), ևս 40-ը առաջադրված են ռեգիոնալ խմբերի անցողիկ տեղերով։
Հատկանշական է, որ ուժայիններ կան նաև ընտրություններին մասնակցող այլ ուժերում, մասնավորապես՝ ՌԴԿԿ, ՌԼԴԿ (Ժիրինովսկի), «Արդար Ռուսաստանը հանուն ճշմարտության»։
Սա բերելու է առավել ռազմականացված հռետորաբանության, թեև խոսքից գործ անցնելու տեսանկյունից բնականաբար անհրաժեշտ են արտաքին բարենպաստ պայմաններ։ Իսկ դրանք, ինչպես արդեն քանիցս նշել եմ, մեծապես կախված են ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների զարգացումից», – եզրակացնում է միջազգային փորձագետը։
