Սոցհարցում. Թուրքիայում ընդդիմության վարկանիշը գրեթե հավասարվել է իշխող ուժի ցուցանիշին
Թուրքական «MetroPoll» հետազոտական ընկերությունը քաղաքացիների շրջանում սոցիալական հարցում է անցկացրել։ Հարցման մասնակիցներին ուղղվել է հետևյալ հարցը․ «Եթե այս կիրակի ընտրություններ լինեին, ո՞ր քաղաքական կուսակցությանը կընտրեիք»։
Հարցման արդյունքների համաձայն՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 25.4 տոկոսը։
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) ստացել է հարցվածների 18․5 տոկոսի աջակցությունը։
Հարցվածների 11.5 տոկոսը հայտնել է, որ ընտրությունների դեպքում իր քվեն կտա ազգայնական «İyi» (Լավ) կուսակցությանը։
Աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP) ստացել է հարցվածների 8.7 տոկոսի աջակցությունը, իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP)՝ 9.8 տոկոսի։
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հիմնած «Ապագա» կուսակցությունը ստացել է ընտրողների միայն 1.2 տոկոսի աջակցությունը, իսկ նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի գլխավորած ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությունը 0.7 տոկոսի աջակցությունը:
Հարցման արդյունքների համաձայն՝ ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի կազմած «Ժողովուրդ» դաշինքը ստացել է հարցվածների 34 տոկոսի, իսկ ԺՀԿ-ի ու ԼԿ-ի կազմած «Ազգ» դաշինքը՝ 32%-ի ձայները:
Աղբյուր` Ermenihaber
