ՌԴ-ում ՀՀ դեսպանի «ագրեմանը» որպես փոխհատուցում Գորիս-Կապան ճանապարհի դիմաց

Hraparak.am-ը գրում է.

«Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հնարավոր է, շուտով նշանակվի ՌԴ-ում ՀՀ դեսպան: Արտգործնախարարությունն արդեն ուղարկել է համապատասխան փաստաթղթերը` ագրեմանը Մոսկվա, թեեւ դրանք դեռ չեն վավերացվել-ստորագրվել ռուսական իշխանությունների կողմից: Վաղարշակ Հարությունյանը, մեր տեղեկություններով, վաղուց է սպասում այս նշանակմանը, սակայն կար որոշակի դիմադրություն ՌԴ պաշտոնական շրջանակներում, որոնք սահուն և առանց խնդիրների այս տարիներին աշխատել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ:

Վաղարշակ Հարությունյանը ՀՀ-ի համար կարևորագույն երկրում դեսպան է նշանակվում մի շրջանում, երբ նրա վարկանիշը որպես պետական գործչի զրոյացված է: Հենց Վաղարշակ Հարությունյանին են մեղադրում Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանցիներին հանձնելու մեջ: Իհարկե, հիմնական հանձնողը Փաշինյանն է, բայց համապատասխան հուշագրի տակ, որը հանրությունից գաղտնի պահվող փաստաթղթերից մեկն էր, հենց Հարությունյանի ստորագրությունն է: Դեռ մեկ ամիս առաջ տելեգրամյան ալիքները հրապարակեցին 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թվագրմամբ այդ հուշագիրը, որի տակ ՀՀ, ՌԴ և ԱՀ պաշտպանության նախարարների ստորագրություններն էին: Ըստ դրա, Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը 5 տարի ժամկետով Ադրբեջանին է հանձնվում, թեեւ նշված է, որ այն անարգել ու անվճար օգտագործելու է նաեւ հայկական կողմը: Քաղաքագետների և զինվորականների մեջ նույնիսկ վեճ ծագեց, թե արդյոք սա նախատեսվա՞ծ էր 2020 թվականի նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարությամբ, թե՞ ոչ: Ըստ փաստաթղթի, հայկական զինուժը պետք է հեռանար այդ դիրքերից սահմանազատման գրծընթացին զուգահեռ, բայց Վաղարշակ Հարությունյանի ստորագրած հուշագիրը, փաստորեն, արագացրեց հայկական զինուժի դուրս բերումը, ճանաչելով այդ հողերը ադրբեջանական:

Ինչ խոսք, դեսպանի պաշտոնը Հարությունյանի համար արժանի փոխհատուցում է հայրենակիցների և հատկապես ընդդիմության կոշտ մեղադրանքների դիմաց:

Հիշեցնենք՝ գիշերը Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր են տեղադրվել, իսկ ցերեկն արդեն հայտնի դարձավ, որ 3 գյուղ՝ Որոտանը, Շուռնուխը և Բարձրավանը, շուրջ 700 բնակիչներով հայտնվել են շրջափակման մեջ։ Վաղարշակ Հարությունյանի հետ կապվելու և նրա մեկնաբանությունները ստանալու մեր բազմաթիվ փորձերը ձախողվեցին: Ինչ որ պահից նա ոչ միայն ամենավարկաբեկված, նաև մամուլի համար ամենաանհասանելի պաշտոնյաների շարքն է անցել:»