Վաղը ԱԺ-ում մի շարք նիստեր են սպասվում՝ հագեցած օրակարգով

«Հրապարակ»-ը գրում է.

«Վաղը՝ հունվարի 11-ին, Ազգային ժողովի մի շարք հանձնաժողովներում կգումարվեն հերթական նիստեր, որոնցով կհաստատվի հունվարի 17-ից մեկնարկող Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգը։

Ժամը 10-ին կմեկնարկի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցի երկրրոդ ընթերցումն է և ոչ միայն։
Նույն ժամին զուգահեռաբար կընթանա նաև  Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցերն են։

Ժամը 11:00-ին կգումարվի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում, ինչպես միշտ, հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն է, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը, որի հիմնական զեկուցողը ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն է։

Նույն ժամին տեղի կունենա նաև Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում կառավարության բերած մի շարք նախագծեր են։

Ժամը 12:00-ին կգումարվի նաև Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթկան նիստը, որի օրակարգում «Պետական կենսաթոշակների մասին», «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մաիսն հարցերն են, որոնց հիմնական զեկուցողը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն է։

Իսկ նույն օրը ժամը 14:00-ին տեղի կունենա Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ կքննարկեն «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը և «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը։»