Պետերբուրգյան ֆորումը կարող է նոր իմպուլս տալ հայկական բիզնեսի և տնտեսության զարգացման համար. Միքայել Մելքումյան
Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումն անց է կացվում 1997 թվականից, իսկ 2006 թվականին անցնում է Ռուսաստանի Դաշնության նախագահի հովանու ներքո և վերջինի մասնակցությամբ: 2021 թվականին InfoPress.am-ը արդեն լուսաբանել է ֆորումի թեման մի շարք հրապարակումներով: Տնտեսական հեռանկարների և հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից Հայաստանի համար Ֆորումի նշանակության մասին զրուցել ենք ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության նախկին պատգամավոր, տնտեսկան գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանի հետ:
– Պարոն Մելքումյան, դուք Հայաստանի առաջատար տնտեսագետներից մեկն եք, ունեք մեծ փորձ ԵԱՏՄ և հայ-ռուսական համագտործակցության հետ կապված հարցերում: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի տնտեսության վիճակն այսօր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում:
– Պետք է նշեմ, որ հետպատերազմյան տնտեսությունը Հայաստանում, ինչը բնական է, դրսևորում է լճացման հատկանիշներ և այս պահին գտնվում է խորը տնտեսական ճգնաժամի մեջ: Պատերազմից հետո և մի շարք այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով, Հայաստանի տնտեսությունը գրանցել է ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների շարքում ամենախորը անկումը:
Ինչ վերաբերվում է երկրում տեղի ունեցող գործընթացներին, դուք ինքներդ ականատես եք, թե ինչ է կատարվում գնաճի իմաստով, և հաշվի առնելով այդ փաստը, նախատեսված տնտեսական աճից ոչինչ չի մնում: Ապրիլին Հայաստանում, պաշտոնական տվյալներով, գրանցվել է 7 տոկոսը գերազանցող ինֆլացիա:
Տնտեսության նախատեսված աճի հետ կապված, կարող եմ ասել, որ մենք այնքան սահմանամերձ տարածքներ ենք կորցրել, այդ թվում այնպիսի հողեր, որոնք անվտանգության նկատառումներից ելնելով անհնար է օգտագործել (իսկ դրա վերաբերյալ դեռ հաշվարկներ չեն արվել, ասենք կորսված է 1000 քկմ, նույնքան էլ անհասանելի է օգտագործման համար), այդ կապակցությամբ այսօր մենք տեսնում ենք գյուղատնտեսության բնագավառում լրջագույն անկում:
Ինչ վերաբերվում է հայ-ռուսական հարաբերություններին, պետք է արձանագրենք, որ այս ուղղությամբ էլ ունենք անկում:
Չնայած Հայաստանի իշխանության փորձերին իրավիճակն այնպես ներկայացնել, որ տնտեսական հարաբերությունները վերականգնվում են, պետք է հասկանանք, որ սա հերթական կեղծիք է և այս իշխանության օրոք մենք չենք կարողանալու հարաբերությունները վերականգնել նույնիսկ մինչև նախկինում եղած մակարդակը:
– Ի՞նչ կարող է մեզ տալ Պետերբուրգյան տնտեսական ֆորումին մասնակցությունը, ինչպիսի՞ նոր մակարդակի վրա կարող է դուրս գալ հայկական բիզնեսը Ֆորումին մասնակցելուց հետո:
– Պետերբուրգյան ֆորումը, անկասկած, կարող է նոր իմպուլս տալ հայկական բիզնեսի և տնտեսության զարգացման համար: Սակայն, Ֆորումի շնորհիվ ստացվող հնարավորությունները իրացնելու համար Հայաստանում պետք է լինեն համապատասխան պայմաններ: Ես հակված եմ մտածելու, որ խնդիրները առավելապես կրում են ոչ տնտեսական, այլ քաղաքական բնույթ և քանի դեռ մեր մոտ իշխանափոխություն չի եղել, չենք կարող ակնկալել հաջողություններ: Ժամանակը ցույց կտա:
