Այլ թեկնածուի կարիք չկա. Էրդողանին ուզում են նախագահ պահել արտահերթ ընտրություններով

Եթե ընտրություններն անցկացվեն 2028թ․, ապա ըստ Թուրքիայի Սահմանադրության՝ Էրդողանը չի կարող առաջադրվել։
Թուրքիայում դիտարկում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը կրկին առաջադրելու հեռանակրը 2027 թվականի նոյեմբերին արտահերթ նախագահական ընտրություններում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Հյուսեին Յայմանին։
«Հուսով ենք, որ մենք կրկին կառաջադրենք մեր նախագահի թեկնածությունը 2027 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրություններում։ Այլ թեկնածուի կարիք չկա: Հաջորդ ընտրություններում մենք կրկին երկրի ղեկավար կդարձնենք մեր նախագահին»,- ասել է նա Անթալիայում կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք՝ փետրվարի վերջին Türkiye թերթը, հղում անելով ԱԶԿ-ում ներկուսակցական քննարկումներին, հայտնել էր, որ իշխող կուսակցության անդամները ոչ պաշտոնապես քննարկում են 2027 թվականի աշնանը արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու տարբերակը:
Բանն այն է, որ ըստ Թուրքիայի Սահմանադրության՝ 2028 թվականին, երբ պետք է կայանան հերթական ընտրությունները, նա այլևս չի կարողանա պայքարել նախագահական աթոռի համար, սակայն արտահերթ ընտրությունների դեպքում նման իրավունք է ձեռք բերում։
Հավելենք, որ ընդդիմությունը կոչ էր արել իշխանություններին որոշում կայացնել ընթացիկ տարում արտահերթ ընտրությունների անցկացման մասին: Արտահերթ ընտրությունների մասին որոշումն իրագործելու համար անհրաժեշտ է խորհրդարանի համապատասխան որոշում։
Այժմ ԱԶԿ-ն և համախոհ «Ազգայնական շարժում» կուսակցությունը բավարար ձայներ չունեն թուրքական խորհրդարանում՝ արտահերթ քվեարկության մասին բանաձևն անցկացնելու համար: Դրա համար անհրաժեշտ է նվազագույնը 360 ձայն։ Ընդդիմության մանդատները ևս չեն բավականացնում։ Իսկ պաշտոնական մակարդակում ԱԶԿ-ն և իշխանությունները դեռ շարունակում են պնդել, որ արտահերթ ընտրությունների հարցը օրակարգում չէ։