Թուրքիայում շարունակվում են Իմամօղլուի կալանավորման դեմ բողոքի ցույցերը. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել

Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում և այլ քաղաքներում շարունակվում են Ստամբուլի պաշտոնանկ արված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման և դրան հաջորդած կալանավորման դեմ բողոքի ցույցերը։

BBC News-ի հաղորդմամբ, Անկարայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ։

Միաժամանակ երկրում բողոքի ակցիաների ժամանակ նաև բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև, իրավապահ մարմիններն անգամ կրակել են ռետինե գնդակներով և ջրցան մեքենաներ են կիրառել։

Ավելի վաղ Թուրքիայի դատարանը կոռուպցիայի մեղադրանքով կալանավորել էր Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Նա հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Իմամօղլուն համարվում է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը 2028 թվականին կայանալիք ընտրություններում։

Ավելի ուշ Իմամօղլուն սոցցանցում գրառում է կատարել՝ կոչ անելով թուրքերին պայքարել և մասնակցել ընտրություններին։