Սերժ Սարգսյանը՝ Հայոց ցեղասպանության հարցում իշխանությունների քաղաքականության մասին. հիմարությո՞ւն, թե՞ դավաճանություն
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բնութագրել է իշխանությունների վարքագիծը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգից հրաժարվելու հարցում։
Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե իշխանությունները փորձում են համոզել, որ եթե այդ հարցը չլինի առաջնահերթությունների թվում, մենք լավ կապրենք՝ արդյո՞ք դա պրագմատիզմ է, թե՞ մոռացության մատնում, երրորդ նախագահը նկատել է, որ դժվարանում է պատասխանել մեկ եզրույթով՝ հիմարությո՞ւն է դա, թե՞ դավաճանություն: «Ասելու բան չկա»,- հավելել է նախկին նախագահը։
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք իշխանությունները որևէ քայլ կձեռնարկեն Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման առնչությամբ, Սերժ Սարգսյանը նկատել է, որ չեն անի, դա ակնհայտ է։
Ինչ վերաբերում է ընտրությունների ելքին, նախկին նախագահը հույս է հայտնել, որ 2021 թվականի սցենարը չի կրկնվի. «Շատ եմ ուզում, որ չկրկնվի»։
