Մահացել է խորհրդային հեռուստատեսության հայտնի հոգեթերապևտ Անատոլի Կաշպիրովսկին
Կաշպիրովսկին 1993 թվականին ընտրվել է Ռուսաստանի Պետական դումայի առաջին գումարման պատգամավոր և պատգամավորական գործունեությամբ զբաղվել մինչև 1995 թվականը։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ 87 տարեկանում մահացել է խորհրդային ժամանակների հայտնի հոգեթերապևտ Անատոլի Կաշպիրովսկին։ Մահվան մասին հայտնել է հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը։
Ռուսական Telegram-ալիքները գրում են, որ նրա մոտ սրտի կանգ է արձանագրվել։
Նշենք, որ Կաշպիրովսկին հատկապես մեծ ճանաչում ձեռք բերեց Խորհրդային Միության վերջին տարիներին՝ հեռուստատեսությամբ հեռարձակվող հոգեթերապևտիկ սեանսների շնորհիվ։ 1989 թվականին Կենտրոնական հեռուստատեսությամբ հեռարձակվում էր նրա «Բժիշկ-հոգեթերապևտ Անատոլի Կաշպիրովսկու առողջության սեանսները» հաղորդաշարը։ Այդ հաղորդումները դիտում էին միլիոնավոր մարդիկ ամբողջ ԽՍՀՄ-ում։
Կաշպիրովսկին ծնվել է 1939 թվականի օգոստոսի 11-ին Ուկրաինական ԽՍՀ-ում։ 1962 թվականին ավարտել է Վիննիցայի բժշկական ինստիտուտը, որից հետո երկար տարիներ աշխատել է հոգեբուժական հիվանդանոցում` որպես հոգեթերապևտ։ 1987 թվականին աշխատել է նաև ԽՍՀՄ ծանրամարտի հավաքականի հետ։
Նրա անունը զանգվածային ճանաչում ստացավ 1980-ականների վերջին։ Կաշպիրովսկին պնդում էր, որ իր հոգեթերապևտիկ ազդեցությամբ հնարավոր է մարդկանց օգնել տարբեր առողջական խնդիրների դեպքում, այդ թվում՝ հեռուստաէկրանի միջոցով։
Նրա հեռուստասեանսների ենթադրյալ բուժական ազդեցությունը, սակայն, տարիներ շարունակ եղել է մասնագիտական քննադատության և բանավեճերի առակա։
Կաշպիրովսկին զբաղվել է նաև քաղաքականությամբ։ 1993 թվականին ընտրվել է Ռուսաստանի Պետական դումայի առաջին գումարման պատգամավոր և պատգամավորական գործունեությամբ զբաղվել մինչև 1995 թվականը։
