ԱՄՆ Սենատի հանձնաժողովը կոչ է արել Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Armeniasputnik.am-ը գրում է

«Կոնգրեսականները կոչ են արել Բայդենին կրկին հայ ժողովրդի հետ կատարվածը կոչել իր անունով՝ այս անգամ նախագահի կարգավիճակում։

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել նախագահ Ջո Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մենք սա այսօր գրում ենք, որպեսզի կոչ անենք Ձեզ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը» — նշված է հանձնաժողովի անդամների կողմից Բայդենին ուղարկված նամակում:

Կոնգրեսականները նշել են, որ ավելի վաղ՝ իր 2020թ.հայտարարության մեջ Բայդենը հայ ժողովրդի ցեղասպանությունը ճանաչել է որպես «ցեղասպանություն»։ Նրանք կոչ են արել դա կրկին անել արդեն երկրի նախագահի կարգավիճակում:

Հայտարարության մեջ նշվում է, որ 2019 թվականին թե Ներկայացուցիչների պալատը, թե Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր են ընդունել։

«Այժմ ժամանակն է դա անել նաև գործադիր իշխանության կողմից», — հայտարարել են հանձնաժողովի անդամները:

Հիշեցնենք՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ հղված ուղերձում Բայդենն ասել էր, որ ընտրվելու դեպքում պարտավորվում է սատարել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը։ Սենատոր եղած ժամանակ Բայդենը պաշտոնապես հայտարարել է, որ աջակցում է Հայոց Ցեղասպանության մասին 106-րդ բանաձևին, որը ժամանակին ընդունել Կոնգրեսի ներկայացուցչների պալատը։

Բանաձևի համաձայն` նախագահը պետք է ամեն տարի ապրիլի 24-ի ուղերձում օգտագործեր «ցեղասպանություն» եզրույթը։ Բացի այդ, Բայդենն աջակցել է ներկայացուցիչների պալատի և սենատի կողմից Ցեղասպանության հետ կապված բանաձևերի ընդունմանը 2019թ․-ին։»