Հանքագործական արդյունաբերության ոլորտում անկում է

Banknews.am-ը գրում է.

«Հայաստանի արդյունաբերության ոլորտի համախառն արտադրանքի ծավալների կառուցվածքում զգալի դեր ունի հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ենթաոլորտը։ Վերջինս 2021թ-ի օգոստոսի դրությամբ արդյունաբերության ոլորտի համախառն արտադրանքի ծավալներում ունի շուրջ 24% մասնաբաժին։

Խոստովանենք, որ ոլորտը ներկայումս գտնվում է ծանր փորձությունների փուլում և այս իրավիճակի ճիշտ հանգուցալուծումը կարող է նոր լուծումներ բերել ոլորտում, հակառակ դեպքում ճգնաժամը անխուսափելի է։

Նկատենք, որ այս ոլորտում բացասական հետևանքները կարող են թանկ նստել ոչ միայն զուտ ֆինանսական կորոսւտների, այլ նաև մեծ վնաս կարող է հասցվել էկոլոգիային և տեղի բնակչությանը։

Նկատենք, որ 2021թ-ի օգոստոսին 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ոլորտը արձանագրել է շուրջ 18% անկում։

Այս առումով հետաքրքիր է ուսումնասիրել հանքագորական արդյունաբերության և բացահանքերի շահագործում ոլորտի ենթաոլորտներում տիրող իրավիճակը․

Գծապատկեր 1․ Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ոլորտի ենթաոլորտների համախառն արտադրանքի ծավալները 2021թ-ի օգոստոսին

2021թ-ի օգոստոսին մետաղական հանքաքարի արդյունահանման ենթաոլոտրում համախառն արտադրանքի ծավալները կազմել է 43,459 մլն դրամ։

Մյուս ենթաոլորտը հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղերում համախառն արտադրանքի ծավալները կազմել են 1,896 մլն դրամ, իսկ հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության ոլորտում՝ 82,7 մլն դրամ։

Ուսումնասիրենք հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ոլորտի ենթաոլորտներում համախառն արտադրանքի ծավալների փոփոխությունը 2021թ-ի օգոստոսին հուլիսի և 2020թ-ի օգոստոսի համեմատ․

Գծապատկեր 2․ Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ոլորտի ենթաոլորտներում արձանագրված համախառն արտադրանքի ծավալների փոփոխությունը 2021թ-ի օգոստոսին 2020թ-ի օգոստոսի և 2021թ-ի հուլիսի համեմատ

Վիճակագրական տվյալների համաձայն՝ մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտում 2021թ-ի օգոստոսին 2020թ-ի նույն ամսվա համեմատ արձանագրվել է 18,5%, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղերում՝ 11,1% անկում։

2021թ-ի օգոսոտսին 2020թ-ի օգոստոսի համեմատ զգալի աճ՝ 112,3%-ով, արձանագրվել է հանքագործական արդյունաբերության հարակից գործունեություն ոլորտում։

Նկատենք, որ 2021թ-ի օգոստոսին հուլիսի համեմատ մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտում անկումը կազմել է 4,8%։