Չեմ կարծում՝ ԵՄ-ն կարողանա որեւէ բան փոխել. գերմանացի քաղաքագետը՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ սպասվող հանդիպման մասին

News.am-ը գրում է.

«Լավ է, որ Եվրամիությունը փորձում է ակտիվանալ Հարավային Կովկասում, բայց մեծ ակնկալիքներ չունեմ, որ վերջինին կհաջողվի որեւէ բան փոխվել այդ տարածաշրջանում կատարվող գործընթացներում: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ԵՄ միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելուն:

«Եվրամիության միջնորդությունը կարելի է ողջունել միայն, որովհետեւ վերջինը ետ է մնացել Կովկասի զարգացումներից, կարծում եմ՝ ԵՄ-ն հիմա ընդհանրապես բացակայում է այդ տարածաշրջանից եւ բացակայում էր առաջ: Հետեւաբար, եթե ԵՄ-ն ցանկանում է վերականգնել ազդեցությունը եւ ներազդել այդտեղ ընթացող մեծ գործընթացների վրա՝ այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմը կանխելու համար ինչ-որ միջնորդությամբ հանդես գալու տեսքով, պետք է գործի:

Խնդիրն այն է, որ հիմա Եվրամիությունում Գերմանիայի դիրքերը թուլացած են՝ դեռ կառավարություն չկա, թուլացած է նաեւ Ֆրանսիան, քանի որ այդտեղ եւս շուտով նախընտրական քարոզարշավ է մեկնարկելու, եւ ընտրություններ են լինելու: Այդ պատճառով էլ Եվրամիությունը հիմա բավարար չափով գործունակ չէ, բացի այդ, զբաղված է ներքին խնդիրներով այս պահին՝ Լեհաստանի, Հունգարիայի խնդիրներ, միգրանտների հարցը, հետեւաբար ես մեծ ակնկալիքներ չունեմ, որ Եվրամիությունը որակապես որեւէ բան կարող է փոխել Հարավային Կովկասում: Բայց վատ չէ, որ փորձում է ակտիվանալ»,- նկատեց քաղաքագետը:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը nոյեմբերի 19-ին էր հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել Բրյուսելում: 4 օր անց՝ նոյեմբերի 23-ին, Կրեմլը հայտնեց, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալու է Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպում, այսինքն, ավելի վաղ, քան ԵՄ միջնորդությամբ սպասվող հանդիպումը: Հարցին՝ արդյո՞ք սա վկայում է Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ բանակցային ձեւաչափերի տեսանկյունից մրցակցության մասին, գերմանացի քաղաքագետը դրական պատասխանեց:

«Այո, իհարկե, կա մրցակցություն: Ռուսաստանը կասկածում է, որ Եվրամիությունը Արեւելյան գործընկերության ծրագրի միջոցով ձգտում է Հայաստանն ու Ադրբեջանը դուրս բերել եվրասիական տարածությունից, մերձեցնել ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ, ինչն էլ ՌԴ-ի համար անընդունելի է: Ռուսաստանն այդ պատճառով էլ Եվրամիությանը աշխարհաքաղաքական մրցակից է համարում: Եվրամիությունն էլ, իհարկե, չի ցանկանում խոսել ԵԱՏՄ-ի հետ, չի ճանաչում վերջինը, չի ճանաչում նաեւ Շանհանյան համագործակցության կազմակերպությունը, միայն անուղղակիորեն ընդունում է Ռուսաստանի միջնորդությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտության հարցում: Այդ պատճառով էլ, այո, կարելի է խոսել կոշտ մրցակցության մասին: Բայց ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ Եվրամիությունը փորձում է ակտիվանալ, որպեսզի իր թեկուզ սահմանապակ հնարավորություններով լրացուցիչ կարողանա ազդել կամ փորձի ազդել, չկորցնի հնարավորությունն ու փորձի վերականգնել իր ազդեցությունը: Եվրոպան փափուկ ուժ է իրենից ներկայացնում, խոսում ժողովրդավարության մասին, տնտեսական ոլորտում աջակցում: Կարծում եմ՝ Եվրամիությունը տնտեսական լավ գործընկեր կարող է լինել թե՛ Հայաստանի եւ թե՛ Ադրբեջանի համար այդ հակամարտությունում, ֆինանսապես օգնել: Հետեւաբար, ես սրան բացասաբար չեմ նայում, բացասական չեմ դիտարկում նաեւ Ռուսաստանի փորձերը, լավ է, երբ տարբեր կողմեր են փորձում աջակցել»,- նշեց Ռարը:

Հարցին՝ արդյո՞ք Եվրամիության ակտիվացումը կարող է պայմանավորված լինել «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրով եւ դրանում ԵՄ-ի ունեցած հետաքրքրություններով՝ հաշվի առնելով այն, որ տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման բանակցություններ են ընթանում Ռուսաստանի միջնորդությամբ, գերմանացի քաղաքագետը նկատեց.

«Եթե ես Եվրամիության տեղում լինեի, կաջակցեի այդ նախագծերին: Երբ կոմունիկացիոն ուղիներ, ենթակառուցվածքներ են ստեղծվում տարբեր պետությունների միջեւ, դա խաղաղության է մոտեցնում, ոչ թե պատերազմի, ընդհակառակը, բացառում են պատերազմի հավանականությունը: Բայց ես, ցավոք սրտի, կարծում եմ, որ Եվրամիությունը ետ է մնացել իրավիճակից: Այդտեղ շատ ակտիվ են Չինաստանը, Ռուսաստանն ու Թուրքիան, որոնք հետաքրքրված են տարածաշրջանում ազդեցություն ունենալով եւ ֆինանսական օգուտներ ստանալ: Եվրամիությունը դեռեւս դուրս է այդ գործընթացներից՝ չի երեւում այդտեղ»,- շեշտեց Ռարը:»