Աղասի Ենոքյան. «Պարծենալը՝ թե հիմա ավելի շատ ենք զենք գնել, բարոյական չէ»
«Չեմ հիշում, թե Հայաստանի որեւէ ղեկավար կամ նրա ներկայացուցիչ իր իշխանության ժամանակ երբեւէ պարծենար, թե այսքան կամ այնքան զենք ենք գնել։ Այս առումով Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունը վրդովեցուցիչ էր, մանավանդ, երբ հասկացանք, որ անցած 1 տարվա ընթացքում Ադրբեջանը զարգացրեց իր դրոնային պարկը եւ տեսանք, որ մենք դրան չկարողացանք համարժեք պատասխան տալ», – գրել է ֆեյսբուքյան իր էջում քաղաքագետ, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության նախկին ղեկավար Աղասի Ենոքյանը ՝ մեկնաբանելով ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ավելի վաղ արտահայտած կարծիքը, որ Հայաստանը երբեք այնքան զենք չի ստացել, որքան վերջին 2 տարվա ընթացքում:
Նա մանրամասնում է. «Մարդիկ կարծում են, որ Հայաստանը բնականոն զարգացող երկիր է, որը ամեն տարի նախորդի համեմատ ավելի մեծ բյուջե է ունենում, եւ ըստ այդմ ավելի շատ զենք պետք է գնի։ Հայաստանի քաղաքացին տերացտարի ապրում է իր նույն երկրում եւ չի ուզում տարբերակել Նիկոլի թվի Հայաստանը Նիկոլից առաջվա Հայաստանի հետ, իսկ զենք գնելը ընդունում է որպես գործող իշխանության պարտականություն, եւ ոչ որպես գլուխգովանության առիթ։
Եվ ուրեմն, պարծենալը՝ թե հիմա ավելի շատ ենք զենք գնել, բարոյական չէ։
Ավելին՝ միգուցե քաշով՝ տոննայով, կամ արժեքով՝ դոլարով, իսկապես այս 2 տարիներին ավելի շատ զենք ենք գնել, բայց երբ մտաբերում ենք խոտանված զենիթային համակարգերը, որոնք հիմնական ֆունկցիան այն էր, որ որոշ մարդիկ այդ առիթով փող լվացին, կամ անհրթիռ СУ-30-ները, որոնց հիմնական ֆունկցիան այն էր, որ որոշ մարդիկ սելֆիներ արեցին, ու կրկին հիշում ենք Արցախի տկլոր երկինքը ու զոհերին, հասկանում ենք, որ այս պարծենկոտությունը ազնիվ չէ։
Ի վերջո Արծրուն Հովհաննիսյանի ղեկավարներն են մեզ ապակողմնորոշել ու ասել, որ զենք պետք չի, իսկ մնացած փամփուշտներից էլ զարդեր ենք ձուլելու»։
Լուսանկարը ՝ fip.am կայքից