ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը ներկայումս օրակարգում չկա. ՌԴ դեսպան

Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրեր։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Որոշ անհատական պայմանագրերում իսկապես կան հարցեր՝ կապված ռուսական ձեռնարկությունների պարտավորությունների հետ՝ կատարել պաշտպանության պետական պատվերը, բայց դրանք աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության արդյունքում»,- նշել է Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը։ 

Կոպիրկինի խոսքով` ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում երկու երկրների միջև կնքված գրեթե բոլոր պայմանագրերն ավարտվել են ժամանակին և բարձր որակով։

Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի և հիմնված է 2013 թվականի հունիսի 25-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին համաձայնագրի վրա:

Անդրադառնալով Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալուն դեսպանը նշեց, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականության գնահատման հարցում Մոսկվան  առաջնորդվում է ՀՀ ղեկավարության պաշտոնական հայտարարություններով: 

«Այս հարցում մենք առաջին հերթին առաջնորդվում ենք Հայաստանի ղեկավարության պաշտոնական հայտարարություններով, ըստ որոնց՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի Հանրապետության դուրս գալու հարցը ներկայումս օրակարգում չկա։ Ինչպես գիտեք, հաջորդ տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահելու է Եվրասիական տնտեսական միությունում», — ասել է Կոպիրկինը։

Նա նաև հավելել է նաև, որ խորհրդակցությունների ընթացքում ռուսական և հայկական կողմերը պայմանավորվել են օպերատիվ կապի ուղիների ստեղծման շուրջ՝ հնարավոր տարաձայնությունները լուծելու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ոգով։