Մայր Աթոռը մեր բոլորի սատարմամբ ու մասնակցությամբ պետք է ընդլայնի իր ազդեցությունն ու խոսքը. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ՖԲ էջում գրում է.

«Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ տարաբնույթ հարվածները մի քանի հիմնական նպատակներ են հետապնդում և դրանք իրականացվում են մեկ կենտրոնից:

Չնայած այդ հարձակումներում տարբեր խմբեր, գործիքներ են կիրառվում, այնուամենայնիվ դրանք բոլորը ընդհանուր նպատակների են ծառայում:

Եկեղեցու նկատմամբ հարվածների առաջին պատճառն այն է, որ նա օրվա պետականաքանդ իշխանության պայմաններում, առավել ընդգծված ստանձնել է պետության և պետականության պաշտպանության գործառույթ:

Երկրորդ, Մայր Աթոռն Արցախն անցյալ չի համարում, Արցախի էջը փակված չի համարում և ամենակարևորը` հանուն Արցախի պայքարն ավարտված չի համարում:

Երրորդ, Հայոց Եկեղեցին դարեր շարունակ ազգի հավիտենականությունը պաշտպանող կարևոր համակարգ է եղել և հայերի համար տարբեր հարվածներից պաշտպանող իմունային ինստիտուտ, որն իր վրա է վերցրել ազգի ու պետականության ուղղությամբ եկող հարվածները:

Ստեղծված իրավիճակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին անշուշտ չի ընկրկի, սակայն նրանից միակ սպասումը դա չէ:

Մայր Աթոռը մեր բոլորի սատարմամբ ու մասնակցությամբ պետք է ընդլայնի իր ազդեցությունն ու խոսքը հնարավոր բոլոր ուղղություններով` կանխելու մեր երկրի դեմ իրականացվող ներքին և արտաքին ոտնձգությունները` որքան որ նրա հավաքական ուժն ու հնարավորությունն առավելագույն իրացմամբ թույլ կտան:»