Մենք մոտ ենք խաղաղության պայմանագրի տեքստը շատ արագ ամբողջականացնելուն և ստորագրելուն. Ռուբեն Ռուբինյան

Երկու տարի իշխանությունը չի թմբկահարում, որ հեսա խաղաղության պայմանագիրը կկնքվի, 2 տարի իշխանությունն անում է ամեն ինչ, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր դառնա։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այդ օրակարգին, սակայն մյուս կողմն էլ պետք է ցանկանա դա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
«Մենք մոտ ենք խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացնելուն, շատ արագ ամբողջականացնելուն և ստորագրելուն։ Այն փաստը, որ դա չենք ստորագրում այսօր՝ վկայում է այն մասին, որ ամբողջականացված չէ»,- ասել է նա։
Հարցին թե ինչով են պայմանավորված Բաքվից հնչող նոր պահանջները՝ նա պատասխանեց, որ ինքը կիսում է ԱԳՆ-ի հայտարարությունը, թե Ադրբեջանը դրանով տորպեդահարում է խաղաղության գործընթացը։
«Եթե ադրբեջանական կողմից լինի կառուցողական մոտեցում՝ ես խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում հենց վաղը»։
Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության վերաբերյալ Ադրբեջանից հնչող հայտարարություններին, ապա Ռուբինյանն ասաց հետևյալը. «ՀՀ Սահմանադրությունը, դրա փոփոխությունները կամ չփոփոխությունները Հայաստանի ներքին գործն են, և դա չի կարող լինել բանակցային օրակարգ»: