Ցինիզմ ու ամենաթողությո՞ւն, թե՞ հասարակ դավաճանություն

Վերջերս խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իրեն ամբողջությամբ դիմակազերծեց: Առաջին դեմքի կատարմամբ նման ապազգային հռետորաբանություն դուք դեռ չէիք լսել: Եկեք հասկանանք, թե իրականում ի՛նչ են նշանակում Նիկոլի ասածները: Կարդացեք ու ինքներդ դատեք:

 

«Այսօրվա մեր հավաքական սոցիալ-մտածողությունը կամ սոցիալ-հոգեբանությունը էականորեն ապապետական է: Կամ եթե մի քիչ ավելի հասկանալի ձևակերպենք՝ մեր բոլորի ենթագիտակցությունն է ապապետական:  Մեր այսօրվա սոցիալ-հոգեբանությունը, մեր սոցիալ-մտածողության գենետիկան մեծ մասամբ ձևավորվել է այն շրջանում, երբ մենք չենք ունեցել անկախ պետություն, այլ եղել ենք գաղութ, հպատակ, համայնք: Այն պետությունները, որում ապրել ենք, մեզ օտար են եղել: Եվ այսպես՝ 600 տարի: Նվազագույնը 600 տարի: Վերջին 600 տարում մենք՝ որպես ժողովուրդ, ապրել ենք մեզ պարտադրված, և ոչ թե մեր ստեղծած պետության մեջ, և, հետևաբար, պետության մեր առաջին ընկալումը պարտադրանքն է, որի նկատմամբ առաջին ռեակցիան դա թոթափելու, դրան դիմադրելու ներքին ցանկությունն է, եթե նույնիսկ այդ պետությունը մենք ենք ստեղծել»:

 

Նիկոլն ինչ-որ բան շփոթում է: Հայ հասարակության հավաքական ենթագիտակցությունը չի՛ կարող «հակապետական» լինել, քանի որ Հայաստանը մինչև նրա իշխանության գալն իրական քաղաքական սուբյեկտ էր և հենց ի՛նքն էր ընտրում իր զարգացման ուղիները: Պե՛տք չէ ոչ վաղ անցյալը շփոթել ներկայի հետ, երբ մեր պետությունն այն աստիճան խամաճիկ է դարձել, որ հիմա ով ասես որոշում է Հայաստանի ճակատագիրը՝ բացի հայերից։ Եվ դա տեղի է ունեցել հե՛նց Նիկոլ Փաշինյանի օրոք:

 

Բացի այդ, մենք բոլորս տեղյակ ենք, թե իր կապիտուլյանտ քաղաքականությամբ ո՛վ երկիրը վերածեց թուրքական վիլայեթի։  Ու դա ոչ այլ ոք է, քան ինքը՝ Նիկո՛լը։ Փաստացի ներկայիս վարչապետն ի՛նքն է Հայաստանին բռնի կերպով թուրքական սուլթանի գիրկը նետում։

 

«Հատկապես վերջին տարիներին ես տասնյակ անգամներով կարդացել եմ մեր Անկախության հռչակագիրը, տասնյա՜կ անգամներով, և եկել եմ մի սարսափելի եզրակացության, որ այդ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ: Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է: Եվ հիմա հարցը, թե ո՛վ է Իրական Հայաստանը և ո՛րն է Իրական Հայաստանը»:

 

Անկախության հռչակագիրը, պարո՛ն վարչապետ, հայ ժողովրդի քաղաքական կազմակերպման բարձրագո՜ւյն նվաճումն է: Նրա դրույթները նախանշել են ժամանակակից Հայաստանի հետագա զարգացումն ու մինչ օրս մեր պետության էքզիստենցիալ հիմքն են: Այնպես որ, Նիկոլ-աղա, դու կրկին կեղծում ես:  Իրականում քո նպատակն արդեն վաղուց բոլորին հասկանալի է. փոփոխություններ Հռչակագրում՝ ակնկալիքով, որ վերջնականապես կփակվի Արցախի հարցը: Ահա՜ թե ինչն է իրականում հակապետական:

 

Ընդ որում, Փաշինյանը միտումնավոր չի մտածում այն մասին, որ այսօրինակ կապիտուլյանտ կեցվածքը Հայաստանից ուղղակիորեն հրաժարվելու նախաբանը կդառնա և անխուսափելիորեն կսանձազերծի հարևաններին։  Ու արդեն այդ ժամանակ Արցախի հետքով քարտեզից կարող է վերանալ ամբո՜ղջ Հայաստանը։

«Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս Հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը փնտրել, փնտրել, փնտրել է և գտել է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը (29 743 քառ. կմ)», – ասում է Նիկոլը:

 

Պատմական հիշողությունից հրաժարվելու ևս մեկ օրինակ: Միլիոնավոր հայեր իրենց համարում են մշեցիներ, սասունցիներ, վանեցիներ, ու իրենց ազգային ինքնաընկալումը մատնազարկով չի՛ փոխվի: Նիկոլն իր «իրական Հայաստանով» ձև է թափում, թե Տիգրան Մեծի Մեծ Հայքը երբևէ գոյություն չի ունեցել, ու հայ ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում բնակվել է բացառապես ներկայիս հանրապետության տարածքում: Միևնույն ժամանակ վարչապետը համեստորեն լռում է այն մասին, որ նույնիսկ մեր ներկայիս պետական սահմանները մինչ օրս սահմանազատված չեն, իսկ հակառակորն էլ չի հեռացել։ Եվ ո՜չ ոք չի երաշխավորում, որ մեկ-երկու տարի հետո «իրական Հայաստանի» տարածքը չի սեղմվի լավագույն դեպքում մինչև տիկնիկային 9-10 հազար «քառակուսու»։

 

«Որպես մի մարդ, որը բանակի սրբագործման հայեցակարգի կրող է եղել և հետո դառնալի իրականությանն է բախվել, խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, որովհետև դա Երրորդ Հանրապետությունում մեր բոլորի գործած մեծագո՜ւյն սխալն է»:

Այս հայտարարությունը տարօրինակ կերպով համընկավ Հայաստանի զինաթափման անհրաժեշտության մասին Բաքվի ահազանգերի հետ: Գործելով ըստ ցուցման՝ Փաշինյանը բացահայտորեն քանդում է բանակը, որպեսզի մեր երկիրն անօգնական վիճակում հայտնվի հարևանների առջև և ընկնի նրանց իշխանության տակ։ Եվ իսկապես, թուրքական ապագա վիլայեթի ինչի՞ն է պետք բանակը, չէ՜, Նիկոլ-աղա։

 

«Ինչո՞ւ եք գովում օրենքով սահմանված հարկերը վճարողին, չէ՞ որ դա Սահմանադրության մեջ գրված է. յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է վճարել հարկերը: Բայց ի՞նչ է՝ Սահմանադրության մեջ գրված չէ՞, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը: Գրվա՛ծ է: Արդյո՞ք հերոսություն է երկրի պաշտպանությանը մասնակցելը: Իհարկե, հերոսությո՛ւն է՛: Բայց եթե զինվորը սնունդ չունենա, պաշտպանության միջոց չունենա, զենք չունենա, հագուստ չունենա, տրանսպորտային միջոց չունենա, գրագետ սպա չունենա, կապի միջոց չունենա, ինժեներական կահավորում չունենա, ինչպե՞ս պաշտպանի երկիրը և ինչպե՞ս հերոսություն անի: Ասում եք՝ հերոսներին նսեմացրել ենք: Ո՞ր հերոսներին ենք նսեմացրել, որ ավտոմատով մտնում սրա, նրա ունեցվածքը բաժան-բաժան էին անո՞ւմ, որ զինվորի ուտելիքն իրենց շների ու արջերի համա՞ր էին գողանում»:

 

Նման հայտարարությունները զսպելիս չափազանց դժվար է ինքդ քեզ զսպել՝ «լռեցնելով» ոչ նորմատիվ լեքսիկան։ Սակայն նշեմ, որ պաշտոնյաների ու հարկատուների հերոսության մասին հայտարարություններով Նիկոլը, մեղմ ասած, արժեզրկում է Հայրենիքի պաշտպանների իրական հերոսությունը։  Դրանով Փաշինյանը ապասրբացնում է բանակն ու ևս մի քայլ կատարում դեպի դրա լիակատար փլուզումը։

Երկար կարելի է բանավիճել այդ մարդու, ինչպես նաև նրա ցանկացած հանցակցի, հերթական զառանցական, հակապետական, կապիտուլյանտ հայտարարությունների թեմայով: Սակայն միանշանակ է, որ առանց այս իշխանության փոփոխության, առանց նոր կուրսի մենք չե՛նք կարող դուրս գալ այն փոսից, որում հայտնվել ենք։

Արտակ Սարգսյան, քաղաքագետ