Անվտանգության խնդիր չենք տեսնում․ Սիմոնյանը ՝ Փաշինյանի մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու մասին

ԱԺ նախագահը մեկնաբանել է Զելենսկու խոսքերը օտարերկրյա պատվիրակությունների համար անվտանգության երաշխիքների բացակայության մասին:
Հայկական կողմը վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության հետ կապված խնդիր չի տեսնում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթին Մոսկվա մեկնելու դեպքում։ Այս մասին լրագրողներին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը։
Ավելի վաղ Զելենսկին մերժել էր Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ընթացքում ժամանակավոր զինադադար հաստատելու մասին Ռուսաստանի առաջարկը և հայտարարել, որ Կիևը չի կարող երաշխավորել օտարերկրյա պատվիրակությունների անվտանգությունը, որոնք կժամանեն Մոսկվա՝ մայիսի 9-ի շքերթին մասնակցելու։
Ալեն Սիմոնյանը նշել է, որ այդ հաղթանակը նաև հայ ժողովրդինն է, և Հայաստանը նույնպես տոնում է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը: Այդ պատճառով, ըստ Սիմոնյանի, այդ միջոցառմանը մասնակցել պետք է։ Հարցին, թե կա արդյո՞ք քաղաքական վերջանական որոշում, Ալեն Սիմոնյանը խուսափեց պատասխանել։
«Գիտեք ինչ, մի քիչ ճիշտ չի, որ ես ասեմ, կարող է վարչապետը որոշի վերջին րոպեին չգնալ»,– ասաց նա։
Լրագրողները ճշտեցին` հնարավո՞ր է, որ Փաշինյանը հանկարծ COVID-ով հիվանդանա, Ալեն Սիմոնյանը ասաց` ամեն ինչ հնարավոր է:
«Հնարավոր է, որ բոլորը COVID-ով հիվանդանան, տեսնում եք, որ շատ երկրների ղեկավարներ հիվանդացան ու չեն գնալու, օրինակ` Հնդկաստանի ղեկավարը»,– հավելեց նա։
ԱԺ խոսնակի խոսքով՝ նման միջոցառումները միջազգային շփումների ու պայմանավորվածությունների համար լավ հնարավորություն են։ Այս դեպքում Հայաստանը պետք է առաջնորդվի իր շահերով, ու եթե մայիսի 9-ին հնարավորություն կա այլ երկրների ղեկավարների հետ հանդիպելու Մոսկվայում, ապա Հայաստանը պետք է օգտվի դրանից։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հաստատել էր իր մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80–ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: