Ռուսաստանը Հնդկաստանին և Պակիստանին զսպվածության կոչ է անում. Պեսկով

Լարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը:
Հնդկաստանի և Պակիստանի միջև իրավիճակի սրումը լուրջ մտահոգություն է առաջացնում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Իհարկե, սա չափազանց մեծ մտահոգության առիթ է, և մենք երկու կողմերին զսպվածության, բոլոր տարաձայնությունները շուտափույթ կերպով՝ բանակցային մեթոդներով կարգավորելու կոչ ենք անում», — ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հնդկաստանի և Պակիստանի միջև իրավիճակի սրումը:
Հիշեցնենք՝ մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը «Սինդուր» գործողության շրջանակում հարվածներ է հասցրել Պակիստանի 4 և Քաշմիրի 5 թիրախի։ Պակիստանի ռազմաօդային ուժերը հնդկական 5 կործանիչ են խոցել Հնդկաստանի հարվածը հետ մղելու ժամանակ:
Զոհվել է 26 պակիստանցի, ևս 46-ը վիրավորվել են։ Հնդկական կողմն էլ հայտնել է 10 զոհի և 48 վիրավորի մասին
Լարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:
Հնդկաստանը ահաբեկչության մեջ մեղադրել է «Լաշքար-է-Թայբա» խմբավորմանը (արգելված է ՌԴ-ում) , ինչպես նաև հայտարարել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության մասին:
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքել է մեղադրանքները, իսկ երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսլամաբադն իրեն պատասխան տալու իրավունք է վերապահում: