Արա Սաղաթելյանի ձերբակալությունը միանշանակ քաղաքական է. Իսկանդարյան

«Արա Սաղաթելյանի ձերբակալությունը նման է պանդորայի արկղի բացմանը»,- «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետը շատ վտանգավոր է համարում քաղաքական պատճառներով ձերբակալությունները, քանի որ դրանից հետո իշխանության մեջ գտնվողները պարտադրված են կառչել իշխանությունից:

Ալեքսանդր Իսկանդարյանը բացատրեց, որ քաղբանտարկյալների առկայությունը իշխանավորներին ստիպում են գիտակցել, որ իշխանությունից զրկվելու դեպքում իրենք կարող են կորցնել և՛ ունեցվածքը, և՛ ազատությունը, հետևաբար՝ չեն ցանկանա ինքնակամ հեռանալ:

Նա համոզված է, որ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը քաղաքական է:

«Տասնյակ հազարավոր ֆեյքերի և հարյուրավոր VPN օգտագործողների մեջ պնդել, որ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը պատահական է, դա կնշանակի վիրավորել իմ ինտելեկտը, ձերբակալությունը միանշանակ քաղաքական է», — հայտարարեց Իսկանդարյանը:

Նա նկատեց, որ այդ ձերբակալությունն ընդհանրական բնույթ ունի, և, ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի, մինչև 2018 թվականը քաղաքական պայքարում իրավական մեթոդներ չի կիրառվել, իսկ գործող իշխանություններն այդ ավանդույթը խախտեցին:

Ըստ քաղաքագետի, երբ քննիչները 10 տարի ոչ մի բան չեն անում և հանկարծ հիշում են քրեական գործի մասին, ապա դրանք պատահական չեն:

«Արա Սաղաթելյանի գործը ֆեյքերի հետ այնքան կապ ունի, ինչքան Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ «Իսկանդերի» հետ», — հայտարարեց Ալեքսնադր Իսկանդարյանը:

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովն էլ հայտնեց՝ չի ցանկանա, որ Հայաստանում գործի «Թող մարդ լինի, իսկ հոդվածը կգտնենք» ռուսական հայտնի թևաավոր խոսքի սկզբունքը:

Նա հայտարարեց՝ նաև չէր ուզի, որ ընտրողական արդարադատությունը Հայաստանում վերածվեր ընտորղական անարդարադատության, իսկ քաղաքական դաշտում պետք է պահվի «պատիվ» հասկացությունը, որը բնորոշ է անդրկովկասյան երկրին:

«Մարդկանց մոտ կարող է ստեղծվել տպավորություն, որ Հայաստանում թիրախավորվում է հակաահաբեկչական, հակաադրբեջանական տեղեկատվական ճակատը, երբ դեռ պատերազմական իրավիճակ է», — մեկնաբանելով Արա Սաղաթելյանի կալանավորման փաստը՝ հայտարարեց Ալեքսանդր Մարկարովը և հավելեց, որ Սաղաթելյանին ճանաչում է դպրոցական տարիներից, նա մեծ աշխատանք է իրականացրել հակաադրբեջանական քարոզչության ոլորտում, որը եղել է հաջող և տեսանելի:

Աղբյուր` Panorama.am

27.02.2021