Սա էլ կանցնի…
Երեկվա ինքնաթիռի հայտնի դեպքից հետո կրկին ալեկոծվեց համացանցը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան վարչապետի խոսնակը հաստատել էր Բաքվից հայ գերիների վերադարձի մասին տեղեկությունը, ինչից հետո Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրեջք կատարեց դատարկ ինքնաթիռը:
Այնուհետև փոխվարչապետի գրասենյակից հայտնեցին,որ գերիների վերադարձը հետաձգվում է, բայց նույն պահին էլ Բաքվում հայտարարեցին,որ գերիների վերադարձի հարցը փակված է:Հետաքրքիր էր նաև որ այդ ժամանակահատվածում Հայաստանում խնդիրներ եղան ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ և համառ լուրեր պտտվեցին, որ այդ դատարկ առանց գերիների ինքնաթիռով Երևան է ժամանել մեծ ադրբեջանական պատվիրակություն:
Սա այն իրականությունն է, որը մենք տեսնում ենք արդեն ամիսներ շարունակ և մարդիկ այդպես էլ չեն հասկանում, որ կապիտուլյացիա ստորագրած վարչապետը այլևս չի կարող որևէ հարց լուծել ի նպաստ հայերի, այդ թվում գերիների հարցը:
Մարդիկ այդպես էլ դեռ չեն հասկանում , որ ՊՆ-ն ի զորու չէ և չի էլ լինի նման կարևորության հարցեր լուծել, բայց գնում են ՊՆ շրջափակում և սպասում:
Մարդիկ այդպես էլ չհասկացան, որ Արցախ հանձնած, թուրքի հետ բարեկամության պատրաստվող և այդ բարեկամության իբր հարմար պահը քարոզող իշխանությունը հայի համար լավ բան չի կարող անել:
Ամենից զարմանալուն այն էր, որ համացանցում որոշ օգտատերեր գրում էին «բա էսքանից հետո սրանց ո՞վ է սատարելու» թեզը, մոռանալով, որ ամիսներ շարունակ «էսքանից հետոներ» շատ տեսանք և այդ նույն բանը ասացինք նաև Շուշին, Քարվաճառը և Լաչինը հանձնելուց հետո:
Հեղինակ՝ Վիկտոր Մարտիրոսյան
